հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Վեոլիա Ջուր»-ը պարզաբանել է ջրի կապույտ գույնի պատճառը

«Վեոլիա Ջուր»-ը պարզաբանել է ջրի կապույտ գույնի պատճառը

Համացանցում տեղադրված նյութի հետքերով կատարվել է համաճարակաբանական հետազոտություն. նշված բնակարանից եւ շենքի մյուս բնակարաններից նմուշառվել է խմելու ջուր, իրականացվել են համապատասխան լաբորատոր հետազոտություններ, բայց արդյունքում որեւէ շեղում կամ անհանգստացնող բան չի հայտնաբերվել:

Այս մասին այսօր`  գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեցին Հիվանդությունների վերահսկման կենտրոնից` պատասխանելով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հարցին՝ կապված վերջերս համացանցում տարածված տեսանյութի հետ, որտեղ ծորակից կապույտ ջուր էր հոսում:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից եւս արձագանքեցին, նշելով, որ կատարել են համապատասխան նմուշառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ ջուրը համապատասխանում է խմելու ջրի ստանդարտներին. «Նշված դեպքը հիմնականում կապված է եղել շենքի ներքին ցանցում առկա՝ բնակչի մոտ սանիտարական սարքերի խափանման հետ, որը կարգավորվել է այս պահին»:

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից  հայտնեցին նաև, որ անցած շաբաթվա ընթացքում  Երևանի բնակիչների շրջանում արձանագրվել է աղիքային վարակի  119 դեպք,  օդակաթիլային վարակի 67,  մանկական վնասվածքների 197 և մակաբուծային հիվանդությունների 5 դեպք․ «Շաբաթվա ընթացքում շների կողմից կծվածության դեպքերի թիվը  41-է։ Այս դեպքերով՝ թափառող շների թիվը 17-ն է»։ 

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ շեշտեց, որ կարևոր է հասկանալ՝ շների կծվածության դեպքերի որ մասն է տերեր ունեցող շների կողմից․ «Եթե մեկն իր բնակարանում շուն է պահում  և  կծման դեպք կա, քաղաքապետարանը այդտեղ անզոր է, իսկ եթե դրսի շներ են պետք է հասկանանք՝ ստերջացված է, թե  ստերջացված չէ»։

  • Կիսվել: