երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ

Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ

2023 թվականի օգոստոսի 30-ին Վեդու համայնքապետարանը 280 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր կառուցել Վեդի համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերը, գրում է Հետքը:

«Նոյավան» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Գրիգոր Մանուկյանն է։ Նա Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մորեղբայրն է։

2018-2024 թթ. «Նոյավան» ՍՊԸ-ի հետ կնքվել է 15 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 506 մլն 134 հազար դրամ։ Ընկերությունը շինանյութ, կահույք, կենտրոնացված ջեռուցման համակարգեր է մատակարարել Երևանի քաղաքապետարանին, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, Պաշտպանության նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Պետական պահպանության ծառայությանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։ 

Գրիգոր Մանուկյանի որդին՝ Գևորգ Մանուկյանը, 2018-ի իշխանափոխությունից հետո աշխատում էր Արարատի մարզպետարանում։ Նա այն ժամանակ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Սարգսյանի օգնականն էր։ 

Արարատ համայնքի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ Գևորգ Մանուկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 5-րդ համարն էր։ Այժմ նա Արարատ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ 

«Նոյավան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին և, ըստ ՊԵԿ-ի կայքում առկա տվյալների, զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով։ 

Ընկերությունը, ըստ armeps.am հարթակի տվյալների, պետական գնումներին սկսել է մասնակցել 2018 թվականից։ «Նոյավան» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվել է տարբեր գերատեսչություններին շինանյութերի մատակարարմամբ։

«Նոյավան» ՍՊԸ-ից բացի, Գարիկ Սարգսյանի մորեղբայրը բաժնեմասեր ունի ևս 3 ընկերություններում։ «Աշմանգրիգ» ՍՊԸ-ում նա ունի 41% բաժնեմաս, «Ռեգնում» ՍՊԸ-ում՝ 33%, իսկ «Նոյ էներջի» ՍՊԸ-ում՝ 25%։

Վեդու համայնքապետարանի հետ «Նոյավան» ՍՊԸ-ն մի պայմանագիր էլ կնքել է 2022 թվականին։ Ընկերությունը 109 մլն դրամով պետք է գազիֆիկացման աշխատանքներ իրականացներ Վեդի քաղաքի փողոցներում։ Այդ աշխատանքները կատարվել են Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 49 մլն 50 հազար դրամ, համայնքի բյուջեից՝ 59 մլն 950 հազար դրամ։ 

Վեդու համայնքապետարանից հարցրել էինք, թե ինչպես է ստացվել, որ գազիֆիկացման աշխատանքները կատարել է մի ընկերություն, որը զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով և փորձ չունի այդ ոլորտում։ Համայնքապետարանից պատասխանել են, որ գնումն իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի և Կառավարության համապատասխան որոշման համաձայն։ «Տվյալ դեպքում աշխատանքներն իրականացվել են տվյալ ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող «Թիամատ» ՍՊԸ-ի հետ համատեղ՝ համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա»,- ասված էր համայնքապետարանի պատասխանում։ 

«Նոյավան» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Մանուկյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչպես է իր ընկերությունը, որ զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով, հաղթել գազիֆիկացման և ջրագծի կառուցման մրցույթներում։ Մանուկյանը պատասխանեց, որ իրենք միայն շինանյութերի վաճառքով չէ, որ զբաղվում են, նախկինում նույնպես իրականացրել են նմանատիպ աշխատանքներ։ 

Հարցին՝ արդյոք Գարիկ Սարգսյանի հետ ազգակցական կապն է օգնել հաղթել մրցույթներում, Մանուկյանը պատասխանեց. «Եթե այդ հանգամանքն ազդեցություն ունենար, մյուս մրցույթներում էլ կհաղթեինք, որոնց մասնակցում ենք»։ Ապա հավելեց, որ շահերի բախում այստեղ չի տեսնում։ 

Գլխավոր նկարում՝ Գարիկ Սարգսյան (ձախից), Գրիգոր Մանուկյան:

  • Կիսվել: