շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարդագույն Երևանի գորշ քաղաքապետարանը

Վարդագույն Երևանի գորշ քաղաքապետարանը

Ինչ է թաքնված Երևանի քաղաքապետարանի՝ առաջին հայացքից «պուպուշ» գործունեության հետևում։ Թաքնված է արատավոր մի երևույթ, որի մասին տարիներ շարունակ խոսվել է, որը տարիներ շարունակ քայաքայել է և շարունակում է քայքայել մայրաքաղաքի բնակիչների նյարդերը։

Դա բնակիչ-քաղաքապետարան գործարքների հաճախ անհիմն ձգձգումն է։ Այսօր էլ քիչ չեն մայրաքաղաքի բնակիչների դժգոհությունները կապված քաղաքապետարանի կողմից տրվող՝ շինարարության կամ այլ գործունեության թույտվությունների ձգձգուման հետ։ Շատ են դեպքերը, երբ մարդիկ դիմում են քաղաքապետարան՝ այս կամ այն գործունեության թույտվություն ստանալու համար, սակայն մայրաքաղաքի գլխավոր գրասենյակի աշխատակիցներն իրենց տարրական պարտականությունների կատարումն ամիսներով ձգձգում են, մարդկանց ապարդյուն սպասեցնել տալիս, վերջում էլ թույլտվությունը կամ տալիս են, կամ մերժում։

Այնինչ այդ գործառույթը հնարավոր է իրականացնել ողջամիտ ժամկետում, եթե իհարկե քաղաքապետարանի համապատասխան կառույցներում ընկալեն, որ իրենց պարտականությունը քաղաքացուն ժամանակին սպասարկելն է և ոչ թե բյուրոկրատական քաշքշուկը։ Այսօր էլ քիչ չեն լուրերն ու բողոքները առ այն, որ քաղաքապետարանի կողմից շինթույլտվություն ստանալու համար հարկ է լինում պաշտոնյաների հետ գնալ գործարքների։ Վերջին տարիներին հաճախ է խոսվում կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

Երկրում համակարգային կոռուպցիան գուցե վերացել է, սակայն պետական համակարգի, այդ թվում նաև Երևանի քաղաքապետարանի ցածր օղակների պաշտոնյաների անփույթ գործունեությունը տարատեսակ շահարկումների առիթ է տալիս քաղաքացիների շրջանում։ Երևանի քաղաքապետարանի ամենշաբաթյա գործավարական նիստերի ժամանակ չինովնիկները սիրում են քննարկել և բարձրաձայնել միայն «վարդագույն» ծրագրերի ու գաղափարների մասին, իսկ այն ինչը տանջում է Երևանի բնակչին՝ ուղղակի անտեսվում է։

Երևանը միայն բարեկարգման կամ չինական ու գերմանական ավտոբուսների դանդաղ տեղ հասնող քարավանների մասին խոսելով ու դրանցով գովազդվելով ավելի լավը չի դառնա։ Երևանի գլխավոր խնդիրը նաև բնակիչների սպասարկման ցածր որակն է։ Երևանն ավելի բարեկարգ ու ավելի գեղեցիկ դարձնում են հենց բնակիչները՝ իրենց գաղափարներով, իրենց ծրագրերով։

Քաղաքապետարանի աշխատասենյակներում նստած պաշտոնյաները ճիշտ կանեն մտածեն մայրաքաղաքի բնակիչների սապսարկման որակը բարձրացնելու և բյուրոկրատական քաշքշուկներին վերջ տալու մասին։ Դա ավելի կնպաստի Երևանի բարեկարգմանն ու զարգացմանը, քան լուրջ դեմքով անցկացվող տարատեսակ նիստերն ու խորհրդակցությունները։

  • Կիսվել: