հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Վանաձորում բախվել են «Renault»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է կայանված «Opel»-ին և «Mitsubishi» բեռնատարին․ վիրավորներից մեկը ոստիկանության գնդապետ է

Վանաձորում բախվել են «Renault»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է կայանված «Opel»-ին և «Mitsubishi» բեռնատարին․ վիրավորներից մեկը ոստիկանության գնդապետ է

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 23-ամյա Արեն Պողոսյանի վարած «Mercedes», 70-ամյա Գագիկ Շիրմազանյանի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և ՀՀ ՆԳՆ ՊԾ Լոռու մարզի գումարտակի պարեկները, տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Mercedes»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel»-ին և «Mitsubishi» բեռնատարին, իսկ «Renault»-ն էլ մասամբ հայտնվել է կանաչ գազոնում։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մեկը, ով կին է, վրաերթի է ենթարկվել։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխված վարորդներից Գ․ Շիրմազանյանը ոստիկանության գնդապետ է, ով նախկինում աշխատել է նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ «Mercedes»-ի վարորդի նկատմամբ նախկինում պարեկները մի քանի անգամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ակտ են գրել։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

  • Կիսվել: