հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցչին

Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին: 

«Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառումը տեղի կունենա 2022 թ. հունիսի 10-11-ը Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում:  Միջոցառման կազմակերպումն ամրագրված է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն այցի շրջանակներում 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագրով և նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Միջոցառման շրջանակում նախատեսվում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգները: Միջոցառման ծրագրում կընդգրկվեն նաև պաշտոնական ելույթներ հայկական և ռուսական կողմերից: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» միջոցառումը նախատեսվում է 2022 թ. աշնանը:

Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև հայ կինոյի 100-ամյա հոբելյանին, որը նախատեսվում է 2023 թվականին և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում: Նշվել է նաև, որ 2024 թ.-ին Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններն են:

Վահրամ Դումանյանն առաջարկել է դիտարկել հոբելյանական միջոցառումների շրջանակներում ԽՍՀՄ ժամանակ նկարահանված և ներկայումս ՌԴ կինոֆիլմերի պետական ֆոնդի արխիվում պահվող հայկական ֆիլմերի թվայնացման կազմակերպումը, ինչին Միխայիլ Շվիդկոյը դրական է արձագանքել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

  • Կիսվել: