ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ծնոտ՝ սեփական կողոսկրից. ՈՒԱԿ-ում կատարվել է բացառիկ բարդ վիրատահատություն

Ծնոտ՝ սեփական կողոսկրից. ՈՒԱԿ-ում կատարվել է բացառիկ բարդ վիրատահատություն

65 տարեկան տղամարդը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել մարտի 7-ին՝ գանգատվելով բերանի խոռոչում չլավացող վերքից, կլման ակտի խանգարումից, ստորին ծնոտի աջ կեսում ցավի առկայությունից:

Հետազոտությունների արդյունքում բուժառուի մոտ հայտնաբերվել է բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղ՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի ինվազիայով (ներթափանցումով):

Որոշվել է կատարել վիրահատություն:

Վիրահատության ընթացքում
հեռացվել է ուռուցքը՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի հետ՝ հոդելունի պահպանումով,
կատարվել է պարանոցի ֆունկցիոնալ սելեկտիվ լիմֆոդեսեկցիա (մեր բժիշկներին հաջողվել է պահպանել անատոմիական կարևոր կառուցվածքները՝ նյարդերը և անոթները),
կատարվել է ծնոտի ռեկոնստրուկցիա աուտոգեն կողոսկրի ազատ գրաֆթով (բուժոառուի կողոսկրը դարձրել են ծնոտի մաս):

Պարոն Տիգրանը հպարտությամբ պատմում է իր այգու մասին: Ասում՝ գրեթե բոլոր ծառատեսակներից ունի, վերջնական կազդուրվելուց հետո կվերադառնա ու հողից կարոտը կառնի:

Համաձայնում է նկարվել՝ ասելով՝ թող իմանան՝ ինչ վիրահատություններ են անում մեր երկրում, թե ինչպես են մարդկանց կյանքեր փրկում, ինչ հրաշքներ գործում:

Հ.Գ. Ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը կարող է դառնալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղի պատճառ:

Պարոն Տիգրանը վստահաբար շեշտում է՝ այլևս չի ծխելու, ու եթե իմանար, որ նման բան կարող է առաջացնել ծխախոտը, առաջ էլ չէր ծխի:

  • Կիսվել: