ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ծառուկյանի «Շանգրի լա»-ն պահանջում է իր տուրքերից նվազեցնել ևս 1,4 միլիարդ դրամ. civilnet.am

Ծառուկյանի «Շանգրի լա»-ն պահանջում է իր տուրքերից նվազեցնել ևս 1,4 միլիարդ դրամ. civilnet.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խաղատունը պահանջում է Պետեկամուտների կոմիտեից 1,4 միլիարդ դրամ ճանաչել գերավճար և նվազեցնել խաղատան համար նախատեսված տուրքից։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից, գրում է civilnet.am-ը:

Հուլինին կառավարությունը որոշեց «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տուրքի գումարը ընկերության փոխարեն փոխհատուցել՝ հաշվի առնելով, որ ֆինանսների նախարարի հրամանով «Շանգրի լա»-ի լիցենզիան դադարեցվել էր, դրան էլ գումարվել էին տուգանքներ ու տույժեր։ Դատարանում «Շանգրի լա»-ի իրավաբանական անձը՝ «Օնիրա քլաբ»-ը, հաղթել էր ֆինանսների նախարարությանը, ու կառավարությունը ստիպված էր փոխհատուցել խաղատան վնասները։

«Հետք»-ը հետագայում բացահայտել էր, որ կառավարությունը «Օնիրա քլաբ»-ի համար փոխհատուցել է ոչ թե 4,2, այլ 5,6 միլիարդ դրամ։ Կառավարության հետ այս փոխհատուցումների գործընթացն ավարտելուց հետո այժմ «Շանգրի լա»-ն աշխատում է, բայց ընկերությունը նոր պահանջներ է առաջ քաշել ընդդեմ Պետեկամուտների կոմիտեի։

Ըստ «Դատալեքս»-ի տվյալների՝ «Օնիրա քլաբ»-ը պահանջում է ամբողջ 2020-ի համար վճարված տուրքերի գումարը ճանաչել գերավճար ու կատարել վերահաշվարկ։ Գերավճար ճանաչելու պահանջը վերաբերում է մոտ 1,4 միլիարդ դրամի։ «Օնիրա քլաբ»-ը դիմել էր դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջով, բայց հոկտեմբերի 25-ին վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը պահանջը մերժել է։ Հունվարին կայանալու է ՊԵԿ-ի դեմ ընկերության հայցի առաջին դատական նիստը։ «Օնիրա քլաբ»-ի փաստաբաններից Էմիլ Խաչատրյանը ՍիվիլՆեթ-ի հետ զրույցում ներկայացնելով իրենց պահանջը ՊԵԿ-ից՝ պատմեց, որ 2020-ի առաջին և երկրորդ եռամսյակներում «Օնիրա քլաբ»-ը վճարել է խաղատան լիցենզիայի տուրքը, սակայն կորոնվիրուսով պայմանավորված՝ չի աշխատել, ծառայություն չի մատուցվել ու «Օնիրա քլաբ»-ի կողմից վճարված տուրքը պիտի ճանաչվի գերավճար։

«Գերավճար ճանաչվելուց հետո մենք կքննարկենք հաշվանցման խնդիրը։ Չեմ բացառում, որ դա հաշվարկվի որպես այս տարվա չորրորդ եռամսյակի տուրքի գումար լինի», -ասաց փաստաբանը։ Նրա խոսքով՝ 5,6 միլիարդ գումարը, որը որպես պարտավորություններ վերագրվել էր «Օնիրա քլաբ»-ին, բայց դատարանի որոշումներից հետո փոխհատուցվել է կառավարության կողմից, պետք չէ շփոթել պահանջվող 1,4 միլիարդի հետ. առաջին դեպքում խոսքը պետության կողմից հաշվարկվող հարկերի, տուրքի ու տույժերի մասին է, իսկ այս դեպքում՝ «Օնիրա քլաբ»-ի կողմից վճարված տուրքի, որը վերաբերել է 2020-ի առաջին եռամսյակի վերջին և երկրորդ եռամսյակին։

«Իմ կարծիքով՝ տրամաբանական է մեր պահանջը։ Մենք չենք ասում՝ դա գերավճար է, հետ տվեք մեր գումարը։ Ի վերջո, պատկերացրեք՝ տան լիցենզիա, բայց թույլ չտան աշխատել, բայց դուք լիցենզիայի գումարը շարունակեք վճարել։ Դա տրամաբանակա՞ն է, դա տնտեսվարողին խթանո՞ղ ճանապարհ է»,- հարց է բարձրացնում Խաչատրյանը։ Նա վստահեցնում է, որ 1,4 միլիարդի այս պահանջից բացի «Օնիրա քլաբ»-ին փոխհատուցման այլ պահանջներ իրենք չունեն, «Շանգրի լա»-ն վերաբացվել է ու այժմ աշխատում է, ունի մի քանի հարյուր աշխատակիցներ։

«Օնիրա քլաբ»-ը երկար ընդմիջումից հետո նորից հայտնվել է 1 000 խոշոր հարկատուների ցանկում։ Ըստ ՊԵԿ հրապարակած այս տարվա 9 ամիսների տվյալների՝ «Օնիրա քլաբ»-ը բյուջեի է վճարել մոտ 6 միլիարդ դրամի հարկեր։

  • Կիսվել: