Տրանսպորտի թանկացումը լրջագույն սոցիալական հարց է. Մարությանը գոհ է ակցիայից
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գոհ է այսօր մեկնարկած քաղաքացիական բոյկոտի ընթացքից։ Այս մասին նա ասաց Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում։
«Ավտոբուսներ ենք նստել, մեր ակցիան իրականացրել ենք, մարդկանց հետ ենք զրուցել։ Մարդիկ շատ հետաքրքիր լուծումներ են գտել, ոչ միայն 100 դրամ են տալիս և գնում են, այլև շատերը երեկ գնել են 100 դրամանոց տոմսեր, որը 3 օր գործում է։ Ես մի քանի տոմսը նայեցի՝ մինչև ամսի 4-ն էր գործում։ Այսինքն՝ որ ասում են՝ մարդիկ վճարում են, իրականում մարդիկ վճարում են երեկ գնած 100 դրամանոց տոմսերով, սա էլ է ակցիայի մի ձև, ու դա մոտակա 3 օրը շարունակվելու է։ Էն մարդիկ, ովքեր չեն գնել, տալիս են 100 դրամ ու անցնում են, մարդիկ էլ կան, չեն տալիս՝ որպես բողոքի նշան։ Երբ ներս էինք մտնում և անցնում էինք, մեծամասնությունը մասնակցում էր բոյկոտին»,-ասաց Մարությանը։
Նրա խոսքով՝ տրանսպորտի թանկացումը լրջագույն սոցիալական հարց է։
«Երբ մենք ստորագրահավաք էինք անում, հազարավոր մարդկանց ենք հանդիպել և շատ հաճախ մենք հանդիպում էինք թոշակառուների, որոնք օգտվում էին տրոլեյբուսից միայն այն պատճառով, որ այն 50 դրամ արժե։ Պատկերացրեք՝ այդ տատիկներն ու պապիկները 2-3 ավտոբուս էին բաց թողնում, որովհետև դդրանք 100 դրամ էին, և այդ 50 դրամը, որը խնայելու էին, իրենց պետք էր։ Երբ մենք ասում ենք, որ սա լրջագույն սոցիալական հարց է, սա ինչ-որ հորինվածք չէ, մենք տեսել ենք այդ մարդկանց, զրուցել ենք իրենց հետ»,-նշեց Մարությանը։
Տեսանյութը՝ այստեղ: