երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Տոմսային փաթեթներից կհանվեն սահմանափակումները, կլինեն սուբսիդավորվող փաթեթներ․  Քաղաքապետարանում տրանսպորտի թանկացման հարցն է քննարկվում

Տոմսային փաթեթներից կհանվեն սահմանափակումները, կլինեն սուբսիդավորվող փաթեթներ․ Քաղաքապետարանում տրանսպորտի թանկացման հարցն է քննարկվում

«Առկա սակագնով տրանսպորտը չենք կարող շահագործել», - այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դժգոհության մեծ ալիք բարձրացրած տրանսպորտի թանկացման նախագծին։

Փոխքաղաքապետը նշեց, որ տոմսային փաթեթներից կհանվեն սահմանափակումները, կլինեն սուբսիդավորվող փաթեթներ, կվերանայվեն նաև փաթեթների գները։

«Հարցն այն է, թե որ մասն է ուղևորը վճարելու, որ մասը՝ համայնքը: Սուբստիդավորման չափը 7 մլրդ դրամի է հասել, քաղաքն անընդհատ համալրում ու բերում է նոր շաժակազմ: Կռացած ու արժանապատվությանը վնասող տրանսպորտը պետք է վերացվի: Նոր շարժակազմը պահանջում է նոր սակագին: Խոսքը չի գնում նրա մասին, որ սակագների կարգավորումն անենք էնպես, որ սուբսիդավորում չլինի: Եթե չենք ուզում 10 տարի հետո, կանգնել նույն կոտրած տաշտակի առաջ՝ գումար հայթայթենք նոր տրանսպորտի համար, պետք է մշտապես տրանսպորտից օգտվողների ու սոցխմբերի համար արտոնություններ ունենալ: Ովքեր հաճախ չեն օգվում տրանսպորտից, իրենց համար չի սուբսիդավորվի։ Վերջնական որոշումից հետո պարզ կլինեն արտոնյալ խմբերը: Ուսանողերն ու դպրոցականներն այդ խմբում կլինեն, թե ոչ», - ասաց Գրիգորյանը:

Փոխքաղաքապետը նաև նշեց, որ մի քանի տոմսային փաթեթ կլնի՝ ամսական, տարեկան, եռամսյակային, մեկօրյա, մեկշաբաթյա, 70 րոպեանոց:

«Քննարկման առարկա այսօր կդառնա սահմանափակումների հարցը, մենք պետք է վերացնենք տոմսային փաթեթներից սահմանափակումների հարցը: Այսինքն՝ բոլոր էս փաթեթները լինեն անսահմանափակ», - ասաց Երևանի փոխքաղաքապետը։

Երևանի փոխքաղաքապետը անդրադարձել է նաև այն հարցին, թե արտոնյալ խմբերի համար տրանսպորտի սակագինը ինչպիսին կլինի։

«Արտոնյալ խմբերը, արտոնության տեսակները պետք է քննարկվեն այս որոշման ընդունումից, դրա պարամետրերը պարզ լինելուց հետո»,- ասել է նա՝ հավելելով․ «Բայց չեմ էլ կարծում, թե այստեղ հեծանիվ ենք հորինելու. արտոնյալ խմբերը համաշխարհային փորձով փոքրիշատե պարզ են, և կարծում եմ՝ ուսանողներն ու դպրոցականներն այդ խմբերում լինելու են։ Իսկ թե արտոնության չափն ու տեսակն ինչպես է լինելու, քննարկման հարց է»,- ասաց նա։

 

 

  • Կիսվել: