հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թմրամիջոցների օգտագործմամբ փորձաքննության համար լիցենզիայի պահանջին առնչվող նախագծի քննարկումը հետաձգվեց

Թմրամիջոցների օգտագործմամբ փորձաքննության համար լիցենզիայի պահանջին առնչվող նախագծի քննարկումը հետաձգվեց

 ՀՀ ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվեց օրենքի նախագծի քննարկում, որով առաջարկվում էր առանց լիցենզավորման պահանջի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննություն իրականացնելու իրավունք վերապահել միայն Ոստիկանությանը, մնացած դեպքերում կպահանջվի համապատասխան լիցենզավորում:

«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ առողջապահության հանձնաժողովի նիստում ներկայացրեց հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանը:

Առաջարկվում է հոդվածներից մեկում լրացում կատարել: Այդ հոդվածով նախատեսվում է հոգեմետ և հոգեներգործուն նյութերի օգտագործումը դարձնել լիցենզավորվող գործունեություն: Գործող օրենքով նախատեսված են նաև բացառություններ: Այդ բացառություններում ներառված են ՀՀ արդարադատության, առողջապահության բնագավառի պետական կառավարման մարմինների և ոստիկանության կողմից թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննությունները: «Այսինքն՝ այս կազմակերպությունների համար լիցենզավորման պահանջ դրված չէ, մնացած կազմակերպությունների համար, որոնք իրեն փորձաքննություններում կօգտագործեն հոգեմետ և հոգեներգործուն նյութեր, պարտադիր լիցենզավորման պահանջ է դրված: Այդ բացառություններից դուրս էր մնացել մեկ ՊՈԱԿ ՝ ԳԱԱ-ի փորձաքննությունների ազգային բյուրոն: Նախագծով առաջարկվում է, որ բացառությունների մեջ ավելացվի բյուրոն ևս»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց՝ դա արվում է խտրականությունը վերացնելու համար:

Պատգամավորի խոսքով՝ բյուրոն բավականաչափ մեծ ծավալի աշխատանքներ է կատարում հոգեմետ և հոգեներգործուն նյութերի փորձաքննությունների մասով:

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնեց, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ անհրաժեշտություն է առաջացել ոչ թե բացառությունների շարքը մեծացնել, այլ ընդհակառակը՝ կրճատել: «Բացառություն թողնել միայն Ոստիկանությանը, որն իրականացնում է այդ փորձաքննությունն իր ստորաբաժանման միջոցով: Իսկ մնացած բոլոր կազմակերպությունները կարող են լիցենզավորվել, հետևաբար այդ կազմակերպությունները հանել օրենքի նախագծից»,-ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Զեյնալյանը նկատեց, որ օրենքի հետ կապված որոշ խնդիրներ կան: «Պարզ է, Ոստիկանությանը չենք կարողանում լիցենզավորել, քանի որ դա ոստիկանության ենթակայության վարչություն է, ՊՈԱԿ չէ: Բայ ստացվում է, որ ըստ օրենքի պահանջի, մենք չենք կարողանում ստուգել՝ իրենք մասնագետ ունեն, թե չունեն, պահանջներին բավարարում են, թե ոչ, պայմաններ ունեն, թե ոչ: Եվ լիցենզավորման մասին օրենքով իրենց վրա հաշվետվողականության պարտադիր պահանջ չի դրվում»,-ասաց նա ու առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել, հավելյալ քննարկել:

Այսպիսով, նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվեց:

  • Կիսվել: