երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՏԿԵՆ-ը Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ պայմանագրի մասին պարզաբանում է ներկայացրել

ՏԿԵՆ-ը Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ պայմանագրի մասին պարզաբանում է ներկայացրել

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարություն է տարածել այսօր մամուլում շրջանառվող այն տեղեկատվության մասին, ըստ որի կառավարությունն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի համաձայնագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ։

«Այսօր mediahub.am լրատվամիջոցը «Կառավարությունն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի համաձայնագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Ըստ այդ հրապարակման «գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 23 օր առաջ մոտ 79 միլիոն դրամի համաձայնագիր է կնքել Կառլեն Սիմոնյանի ընկերության հետ՝ Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան ավտոճանապարհի հիմնանորոգման համար»։ «Բանն այն է, որ հիշյալ ճանապարհահատվածի շինարարությունն արդեն ավարտվել է և սույն համաձայնագրից չի երևում, թե ինչ նպատակով է Կառավարությունն առանց մրցույթ հայտարարելու պետական բյուջեից այդքան գումար տվել Ալեն Սիմոնյանի եղբորը»,-գրել է լրատվամիջոցը։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Եվրոասֆալտ» ՓԲ ընկերության միջև 03․09․2021 թվականին կնքվել է Հ-8, /Մ-2/-Այնթափ-Մխչյան-Արտաշատ-Այգևան-/Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ21+200-կմ26+400 և կմ30+000-կմ33+500 հատվածների հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր, որի շրջանակներում նախատեսված աշխատանքներն ավարտվել և սահմանված կարգով ընդունվել են:

Միաժամանակ գնումների մասին ՀՀ օրենսդրության և կնքված պայմանագրի պահանջների համաձայն՝ աշխատանքների ընդհանուր գումարի 5 տոկոսը վճարվում է պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրությունը ստորագրելուց հետո միայն: Նշենք, որ ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի թիվ 336-Ն որոշմամբ հատկացված ֆինանսական միջոցները՝ 78 114 695 ՀՀ դրամի չափով, նախատեսվել են վերոհիշյալ 5 տոկոսի վճարումներն օրենսդրությամբ սահմանված կարգով կատարելու նպատակով։

Ինչ վերաբերում է հրապարակման մեջ վկայակոչված՝ մրցութային եղանակին նախապատվություն տալու փոխարեն գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» համաձայնագրի կնքման հանգամանքին, պարզաբանենք, որ նախորդ տարիների ընթացքում բյուջեների կատարման շրջանակներում ստանձնած պարտավորությունների դիմաց առաջացած պարտքերի մարմանն ուղղվող ծախսերը համարվում են «գնում չհանդիսացող ծախս» : Հորդորում ենք ցանկացած տեղեկատվություն հրապարակելուց առաջ ճշտել։ ՀՀ ՏԿԵ նախարարությունը լրատվամիջոցների հետ աշխատել ու աշխատում է բաց ու թափանցիկ»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: