չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
«Տիգրան Մեծ» բնակելի համալիրը դեռեւս շահագործման չի հանձնվել, բայց ստիպում են սպասարկման պայմանագրեր կնքել

«Տիգրան Մեծ» բնակելի համալիրը դեռեւս շահագործման չի հանձնվել, բայց ստիպում են սպասարկման պայմանագրեր կնքել

«Տիգրան Մեծ» բնակելի համալիրի շահառուներն այսօր՝ օգոստոսի 16-ին, բողոքի ակցիա են իրականացրել Լենինգրադյան 27/7 հասցեում գտնվող բնակելի համալիրի դիմաց։

Նրանք բողոքում են, որ կառուցապատողը դեռ շահագործման չի հանձնել խոստացված բնակարաններն ու ենթակառուցվածքները, իսկ այժմ նրանց պարտադրում են ստորագրել սպասարկման պայմանագիր՝ հակառակ դեպքում չթողնելով շենք մուտք գործել այսօրվանից։

Շենքի կառուցապատողը «Շինաս» ՍՊԸ-ն է, սեփականատերը Տիգրան Նազարյանը։ Բնակիչները լրագրողների հետ զրույցում պատմեցին, որ շենքը շահագործման պետք է հանձնեին դեռևս 2023 թվականի դեկտեմբերին, բայց պայմանագրերի մեջ, խաբեությամբ 2024 թվականի տարբեր ամիսներ է գրված։

«Շենքը դեռ հանձնված չի, բայց պատերն արդեն խայտառակ վիճակում են: Դռներն ու ապակիները ջարդված են, շենքի 13-րդ հարկից քար է ջարդվում ընկնում, 12-րդ հարկից քարը ընկնում է 11-րդ հարկի բնակչի վրա, ու սենց բազմաթիվ դեպքեր, սա խայտառակություն է»,- պատմում է շենքի շահառուներից Հովհաննեսը։

Բնակիչները նշում են, որ ծրագրում նախատեսված լողավազանը, ճանապարհը դեպի Մոնթե Մելքոնյան փողոց, խաղահրապարակը և բուսածածկ տարածքը չկա։ «Մենք գումար ենք հավաքում, որ մեր չհանձնված շենքը մաքրենք, նրանց անվտանգությանը գումար տանք, էս դեպքում ինչ են սպասարկելու էդ ենք ուզում հասկանալ»,- ասաց բնակիչներից մեկը։

  • Կիսվել: