ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տիգրան Ավինյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են տրանսպորտային համակարգի բարեփոխումների խնդիրները

Տիգրան Ավինյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են տրանսպորտային համակարգի բարեփոխումների խնդիրները

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով նոր բարեփոխմամբ իրականացվող նախագծերին՝ փոխքաղաքապետ Ավինյանը կարևորել է բրիտանական մասնավոր ընկերությունների մասնակցությունը համայնքի նախաձեռնած ծրագրերին:

«Բոլոր մեր ծրագրերը կոչված են ապահովելու Երևանի անցումը  կայուն քաղաքային տրանսպորտի համակարգին և զրոյական արտանետումներով փոխադրամիջոցներին: Այս ամենին լիարժեքորեն հասնելու համար մենք սահմանել ենք հստակ մոտեցում, որով էլ շարժվում ենք առաջ. հանրային տրանսպորտը պետք է միշտ գերակա լինի և հանրային տրանսպորտի համար ավելի բարենպաստ պայմաններ պետք է ստեղծված լինեն քաղաքում»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը: 

Մասնավորապես, կարևորվել է բրիտանական արտադրության լիցքավորման ենթակառուցվածքների, տրանսպորտային շարժակազմի, կապիտալի և ֆինանսական միջոցների՝ Երևանի քաղաքապետարանի համար հասանելիությունը։ Միացյալ Թագավորություն-Հայաստան փորձի փոխանակման համար էլ նախանշվել է այնպիսի քաղաքականության մշակում, որն իր հերթին կնպաստի տրանսպորտային նոր ցանցի ու ենթակառուցվածքների լիարժեք տեղայնացմանը:  

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստկամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը նշել է, որ իր լիազորությունների չափով պատրաստ է աջակցել համայնքին՝ ինչպես ոլորտի հաջողված փորձագետների, այնպես էլ բրիտանական խոշոր ընկերությունների ներգրավման գործում:   

Զրուցակիցները քննարկել են նաև Միացյալ Թագավորության արտահանման Ֆինանսավորման պետական գերատեսչության գործիքակազմը կիրառելու հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել գործակցության հնարավոր ոլորտները՝ համատեղ նախագծեր մշակելու նպատակով:

  • Կիսվել: