երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տեղի է ունեցել ապագա պարեկների ավարտական քննությունը (տեսանյութ)

Տեղի է ունեցել ապագա պարեկների ավարտական քննությունը (տեսանյութ)

Դեկտեմբերի 28-ին ոստիկանության կրթահամալիր էին այցելել արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները։ Կրթահամալիրում ավարտական քննություններ էին հանձնում Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ապագա պարեկները։ Պարեկների պետական ամփոփիչ ատեստավորման համալիր քննությունները կավարտվեն դեկտեմբերի 30-ին։ Բարձր ցուցանիշներ գրանցած պարեկները կնշանակվեն ծառայության համապատասխան մարզերում։
 
«5-ամսյա կրթական գործընթացն ավարտվել է։ Իրականացվել են նաև սցենարների վրա հիմնված վերապատրաստումներ սովորողների համար, որպեսզի նրանք պրակտիկ առումով շատ ավելի մեծ փորձառություն ունենան։ Իրականացվել է նաև մեթոդության ծրագիրը Երևանի պարեկային գնդի շրջանակներում, ինչը ևս թույլ է տալիս պրակտիկ տեսանկյունից փորձ հավաքել, ավելի պատրաստ լինել տվյալ մարզում ծառայության իրականացման համար»,- նշեց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ։
 
Նույն օրը ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խումբը քննարկեց Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում պարեկային ծառայության ներդրման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների մանրամասները։ Արփինե Սարգսյանը նշեց, որ քաղաքացիներին պարեկային ծառայության առավելություններն ու առանձնահատկությունները ներկայացնելու նպատակով մարզերում կկազմակերպվեն աշխատանքային տոնավաճառներ, ինչը թույլ կտա շատ ավելի ընդգրկուն ներկայացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովման ոլորտում ապագա պարեկների դերն ու նշանակությունը։
 
«Դեկտեմբերի 12-ից արդեն հայտարարությունը տարածվել է։ Մինչև հունվարի 27-ը ունենք դիմումների ընդունելության փուլ։ Այդ ժամանակահատվածում իրականացնելու ենք տարբեր իրազեկման միջոցառումներ, ընդ որում՝ պարեկներն անձամբ են այցելելու մարզեր։
 
Նախատեսվում է հունվարի 10-ին և 11-ին իրականացնել իրազեկման միջոցառումներ Սյունիքի մարզում։ Բնակիչները կկարողանան միջոցառումների շրջանակում մոտիկից ծանոթանալու գործընթացին: Տեղում կլինի նաև դիմումների ընդունելություն, ինչը կհեշտացնի դիմումների ներկայացման գործընթացը: Նաև ունենք պայմանավորվածություն, որ այն քաղաքացիները, որոնք դիմումատու են և պետք է մասնակցեն բժշկական զննության, ապա կկարողանան ոստիկանության աջակցությամբ տեղափոխվել կրթահամալիր կամ այլ կառույց, որտեղ կիրականացվեն այդ ստուգումները»,- հավելեց Արփինե Սարգսյանը։
 
Հիշեցնենք, որ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ստորաբաժանումներում ծառայել ցանկացողները դիմումները կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի հունվարի 27-ը։

  • Կիսվել: