երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տեղահանվածներին զրկել են 40 հազար դրամներից, բայց միլիոնանոց մեգաաստղ են բերում․ «Հրապարակ»

Տեղահանվածներին զրկել են 40 հազար դրամներից, բայց միլիոնանոց մեգաաստղ են բերում․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Դեռեւս հունիսին Արցախի կառավարությունը շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որով սերտիֆիկատ ստանալուց հետո Արցախից գրավված տարածքներից տեղահանված եւ Հայաստան տեղափոխված անձը շարունակելու է ստանալ 40 հազար դրամական աջակցությունն այնքան ժամանակ, մինչեւ որ բնակարան կամ բնակտարածք ձեռք բերի։ Սա արվելու էր նաեւ ՀՀ սոցապնախարարության համաձայնությամբ։ Խոստանում էին նաեւ, որ բանկերում կմեղմացնեն սերտիֆիկատներով տուն գնելու պահանջները։ Սակայն երրորդ ամիսն է արդեն՝ խոստումը չի կատարվում։

Ինչպես հայտնի է, տեղահանվածները, որոնք ստացել են բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատներ, ըստ սահմանված կարգի, 2 ամիս անց զրկվում են կառավարության 40 հազարական դրամ աջակցությունից։ Համարվում է, որ ստանալով սերտիֆիկատ՝ մարդը տուն է գնել, ու նրան այլեւս տան վարձ պետք չէ։ Սակայն վերցնելով պետությունից սերտիֆիկատը՝ շահառուն երկար ամիսներ տարբեր պատճառներով չի կարողանում տուն ձեռք բերել։ Մի կողմից՝ տուն ձեռք չի բերել, մյուս կողմից՝ կորցրել է նաեւ ամսական 40 հազարական դրամները, որով կարող էր տուն վարձել։ Հունիսի 15-ի տվյալներով, 3 հազար 612 սերտիֆիկատ ստացած տեղահանվածների չնչին տոկոսն է միայն կարողացել բնակարան ձեռք բերել՝ ընդամենը 805 շահառու։ 

Տեղահանվածները մեծ հույս ունեին, որ Արցախի ու Հայաստանի կառավարությունները մի ճար կանեն ու կշարունակեն իրենց այդ ողորմելի 40 հազար դրամները վճարել, որով նրանք ՀՀ տարբեր մարզերում ինչ-ինչ անշարժ գույք են վարձակալում։ Բայց որեւէ առաջխաղացում այս հարցում չկա։ Փոխարենը ՀՀ կառավարությունը միլիոնանոց մեգաաստղեր է բերում Հայաստան՝ շռայլելով սուղ բյուջեի գումարները։ Մենք հարցրինք աշխատանքի եւ սոցիալական նախարարությանը, թե արդյոք նորություն կա՞ «40 հազարների ծրագիրը» շարունակելու վերաբերյալ։ Մեզ պատասխանեցին, որ ՀՀ կառավարության կողմից արցախցիների համար իրականացվում է միայն բնակապահովության, այսինքն՝ սերտիֆիկատներ տրամադրելու ծրագիրը, որի իրականացման խոչընդոտներին կանդրադառնանք առաջիկայում։

 

Ավելին՝ թերթի այօսրվա համարում։ 

  • Կիսվել: