երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թե՛ Մարգարիտա Սիմոնյանը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ և մանկուրտներ պետք է հաշվի նստեն իրողության հետ, որ ՀՀ-ն կարմիր գիծ է. Սիմոնյան

Թե՛ Մարգարիտա Սիմոնյանը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ և մանկուրտներ պետք է հաշվի նստեն իրողության հետ, որ ՀՀ-ն կարմիր գիծ է. Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքանչյուր անձի նկատմամբ ՀՀ-ն չի կարող անտարբեր լինել։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու վերաբերյալ հարցին։

«ՀՀ-ն մեզ համար կարմիր գիծ է, իր սահմանները կարմիր գիծ են, ուստի էդ բոլոր ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ», - ասաց ԱԺ նախագահը։

Ինչ վերաբերում է Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելուն՝ Ալեն Սիմոնյանը նախ ասաց, թե նման տեղեկություն չունի, ապա ավելացրեց.

«Բայց չեմ բացառում, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ և մանկուրտներ, ովքեր ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն...»։

Դիտարկմանը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար, ԱԺ նախագահն ասաց. «Հայաստանը ենթարկվում է հարձակման եւ անվտանգության համակարգը, որի մեջ է Հայաստանը, ակնհայտ խնդիրներ է ցուցադրում: Ինձ որեւէ մեկի տրամադրությունը, բացի իմ երկրի անվտանգությունից հետաքրքիր չէ: Ես իմ երկրի սահմանները պետք է պաշտպանեմ եւ այն պարտավորությունները, որ մեր գործընկերները վերցրել են, պետք է ի կատար ածվեն: Դա է իմ հիմնական նպատակը: Թե ինչ-որ մեկը կնեղանա, թե ինչ-որ պրոպագանդայի բյուրոյի անդամ իրեն վատ կզգա կամ լավ չի զգա, դա շատ երրորդական, չորորդական հարց է»:

  • Կիսվել: