Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. համալրում roadpolice.am-ում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդիականացման նպատակով Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում՝ roadpolice.am-ում, կատարվել է համալրում։
Մասնավորապես, փոփոխության արդյունքում տրանսպորտային միջոցին շահագործող կցելու նոր գործիքակազմ է ստեղծվել այն իրավաբանական անձանց համար, որոնք ունեն նոր նմուշի նույնականացման քարտ (ID card՝ առանց չիպի) և ակտիվացրել են բջջային նույնականացման քարտ (mobile ID)։
Իրավաբանական անձը բջջային նույնականացման քարտը (mobile ID) ստանալուց և ակտիվացնելուց հետո roadpolice.am հարթակից պետք է ընտրի «Իրավաբանական անձանց մուտք»-«Մուտք բջջային նույնականացման քարտով» դաշտերն ըստ հերթականության և լրացնի համակարգի կողմից պահանջվող բոլոր անհրաժեշտ տվյալները։
Տվյալների նույնականացումը հաջողությամբ ավարտվելուց հետո ընտրված հեռախոսահամարին ստացվում է մուտքի թույլտվությունը հավաստող SMS հաղորդագրություն, ապա ընդունելուց հետո կստացվի նաև մեկանգամյա կիրառվող հաստատման կոդ, որը համապատասխան դաշտում մուտքագրելուց հետո իրավաբանական անձը հնարավորություն կունենա կատարել շահագործող կցելու և կցված շահագործողին դադարեցնելու գործողությունները։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վերոնշյալ քայլերը պետք է կրկնել նույնությամբ յուրաքանչյուր նոր հաջորդող մուտքի դեպքում։
Այն իրավաբանական անձինք, որոնք ունեն հին նմուշի նույնականացման քարտ (ID card՝ չիպի առկայությամբ), ապա տվյալ պարագայում հարթակից օգտվելու կանոնները մնում են նախկին տարբերակով։


