ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենը հանդիպել է «РосДорНИИ» գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակության անդամների հետ

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենը հանդիպել է «РосДорНИИ» գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակության անդամների հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը, կազմակերպության այլ ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանում գտնվող ռուսական «РосДорНИИ» գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակության անդամների հետ։ Վերջիններս Հայաստանում են գտնվում մեր երկրի ճանապարհաշինության ոլորտի կազմակերպությունների հետ փորձի փոխանակման, հետագա համագործակցության ամրապնդման նպատակով։

Ինչպես տեղեկացրին Ճանապարհային դեպարտամենտից, Ռուսաստանի Դաշնությունում գործող և գրեթե կեսդարյա պատմություն ունեցող «РосДорНИИ»-ն տրանսպորտի ոլորտի զարգացման գիտահետազոտական կենտրոն է, որի գործունեությունը ներառում է տրանսպորտային պլանավորմանը, ավտոճանապարհների զարգացմանը, շինարարական-տեխնիկական փաստաթղթերի մշակմանը, նախագծմանը, շինվերահսկողությանը, ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված և բազմաթիվ այլ ոլորտներ։

««РосДорНИИ»-ի ներկայացուցիչ Վիկտոր Օստրիկովը հայ գործընկերների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց կազմակերպության կառուցվածքը, նպատակներն ու գործունեության ուղղությունները։ Հատուկ անդրադարձ եղավ ճանապարհաշինության ոլորտում «РосДорНИИ»-ի կողմից ճանապարհային տնտեսության թվայնացման գործընթացին, նորմատիվային բազաների մշակման, շինարարության բնագավառում նոր տեխնոլոգիաների ներդրման և այլ թեմաների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ռուսական կողմի խնդրանքով Ճանապարհային դեպարտամենտի գլխավոր տնօրենն ու աշխատակիցները մանրամասն ներկայացրել են շինարարական վերահսկողությանն առնչվող հայկական փորձը։ Առանձին անդրադարձ է եղել պետական բյուջեի և վարկային միջոցներով իրականացվող շինարարական ծրագրերի վերահսկողության առանձնահատկություններին։

Ճանապարհային դեպարտամենտի տեղեկացմամբ՝ առաջիկա օրերին ռուս պատվիրակները կշարունակեն ճանապարհաշինության ոլորտի մասնագետների հետ հանդիպումներն ու քննարկումները։ Նրանք կայցելեն նաև շինհրապարակներ՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքներին։

 

  • Կիսվել: