ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է ՉԺՀ դեսպանին

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է ՉԺՀ դեսպանին

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Ողջունելով դեսպանին` Արմեն Գևորգյանն արդյունավետ և հեռանկարային է գնահատել բարեկամ Չինաստանի հետ համագործակցությունը, ընդգծել կայուն և խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա անդրադարձել է նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած հերթական ագրեսիային` անթույլատրելի համարելով խնդիրների լուծումը ռազմական ճանապարհով: Դեսպանն իր հերթին կարևորել է տարածաշրջանում խնդիրների խաղաղ ճանապարհով կարգավորումը:

Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են` 2022 թվականին լրանում է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և անցած տարիների ընթացքում հայ-չինական հարաբերությունները եղել են բարեկամական, զարգացող և արդյունավետ: Սակայն, ըստ նրանց, դեռևս կա չօգտագործված ներուժ տարբեր ոլորտներում:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և դրանց ընդլայնմանը, միջխորհրդարանական և տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությանը, ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել է հետագա համագործակցությունը:

  • Կիսվել: