չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Սյունիքի մարզում բեռնատարը բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջված կոնտեյներին․ կա վիրավոր

Սյունիքի մարզում բեռնատարը բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջված կոնտեյներին․ կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 270 կմ հատվածում «Mercedes» մակնիշի բեռնատարը բախվել է իր առջևով ընթացող բեռնատարի կցորդիչից պոկված և ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջված կոնտեյներին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյան և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյան գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Հարութ Գալստյանը և կրտսեր պարեկ Ֆրունզիկ Առաքելյանը։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սյունիքի մարզային վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: