չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պացիենտից գումար են պահանջել, և տնօրինությունը դիմել է կտրուկ քայլերի. Պարզաբանում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պացիենտից գումար են պահանջել, և տնօրինությունը դիմել է կտրուկ քայլերի. Պարզաբանում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերաբերյալ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները առ այն, որ ԲԿ-ում աշխատողներին պարտադրում են ազատման դիմումներ գրել, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից:

Ըստ ԲԿ-ի տարածած հաղորդագրության, Բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում որոշ աշխատակիցների կողմից աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում (հատուկ դեղորայքային ռեժիմը խախտելու, պացիենտից գումար պահանջելու և վերցնելու, աշխատանքային ժամին տեղից բացակայելու, ինչպես նաև աշխատաժամին քնելու, պացիենտների, նրանց հարազատների ներկայությամբ անպատշաճ բառապաշար կիրառելու և այլնի համար) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց:

«Տվյալ գործընթացին աշխատակիցներն արձագանքել են էմոցիոնալ կերպով, սուբյեկտիվ ընկալումներով: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, մասնավորապես` Սրտաբանական բաժանմունքում աշխատանքները որևէ պահի չեն խաթարվել և շարունակվում են բնականոն հունով», -նշում են բժշկական կենտրոնից:

Նշենք, որ այսօր տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել առ այն, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է և աշխատողներին պարտադրում են ազատման դիմումներ գրել:

  • Կիսվել: