հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով` ԿԳՄՍ նախարարի  նախագահությամբ

Ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով` ԿԳՄՍ նախարարի նախագահությամբ

2022 թվականի փետրվարի 4-ին, 63 տարեկան հասակում մահացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը:

Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958թ. հուլիսի 31-ին, Երևանում: 1965-75թթ սովորել է Երևանի թիվ 34 միջնակարգ դպրոցում: Զուգահեռ սովորել է Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև` կոմպոզիցիայի դասարանում: 1976-78թթ. եղել է Օրջոնիկիձեի շրջանի պիոներ պալատի էստրադային խմբի ղեկավարը: 1975-79թթ. սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1981-83թթ. և 1987թ.-ից դասավանդել է «Հայհամերգ»-ի էստրադային ստուդիայում: 1983-84թթ. աշխատել է գեղագիտական էսթետիկական կենտրոնում: 1984-91թթ. սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում: 1985-88թթ. եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ: 1992թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 1994թ. հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է եղել մինչև կյանքի վերջը: 1995-98թթ. եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը, 2001թ.-ից՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009թ-ից` խորհրդատու: Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը: Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի էստրադային կուրսը: Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ: Արթուր Գրիգորյանը ազգային երաժշտարվեստի անխոնջ պահապաններից էր,  հայկական երաժշտարվեստի զարգացման և տարածման նվիրյալ: Նրա հիմնադրած երաժշտական կրթօջախի ավանդույթների կրողներն ու շարունակողները այսօր մշակութային լայնածավալ գործունեություն են իրականացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր հայ գաղթօջախներում: Արթուր Գրիգորյանը պարգևատրվել է Հայաստանի և Արցախի պետական պարգևներով և մրցանակներով: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալ»-ով: 2003թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման:

Անգնահատելի է Արթուր Գրիգորյանի ներդրումը Արցախի մշակութային կյանքի զարգացման գործում։ Նա իր ստեղծագործություններով կերտել և հաջորդ սերունդներին է փոխանցել իր անհավատալի խորը և մեծ սերը դեպի Արցախ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, գտնվելով Արցախում, իր ներկայությամբ և կատարումներով կանգնած է եղել հայ զինվորների կողքին, ինչով ոգեշնչել և գոտեպնդել է նրանց՝ բարձրացնելով ազատամարտիկների մարտական ոգին:

Արթուր Գրիգորյանը բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, երգարվեստի տաղանդավոր վարպետ, մանկավարժ, հայկական մշակույթի երախտավոր:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով`ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի  նախագահությամբ:

Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս.թ. փետրվարի 5 -ին, ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին, ժամը 11:00-13:00, նույն վայրից:

Հուղարկավորությունը` քաղաքային պանթեոնում:

  • Կիսվել: