երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում. Ավինյան

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում. Ավինյան

Դեկտեմբերին Երևանում ծնվել է 1954 երեխա` 988 տղա, 856 աղջիկ: Տարվա կտրվածքով երեխաների ծննդյան տվյալներն այսպիսին են` 15606 երեխա, որից 8069 տղա, 7837 աղջիկ: Այս թվերը ներկայացվեցին այսօր՝ հունվարի 8-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց` սա թեպետ կարծես նորմալ հարաբերակցություն է, սակայն տղաների թիվը մի փոքր ավելի է:

«Դրական է դինամիկան հղիության սելեկտիվ ընդհատումների, բայց, դեռեւս առկա է խնդիրը եւ ժամանակ առ ժամանակ պետք է խոսել դրա մասին, որ նման մտածելակերպի ժամանակը վաղուց անցել է: Կարծում եմ՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները նույնպես պետք է թողնել նախորդ դարում, թեկուզ նոր տարին սկսել մի փոքր այդ մտածողության փոփոխությամբ: Անկախ սեռից` բոլորն ունեն ծնվելու և ապրելու իրավունք, և մանավանդ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները սխալ բան են և բնության դեմ գործընթաց»,- ասաց նա:

Ավինյանը հավելեց, որ դա պետք է դառնա ծրագիր, պետք է աշխատել այդ ընտանիքների հետ. «Այստեղ նաեւ կրթական մեծ բացթողում կա: Եթե ինչ-որ փուլում պետք է այդ կրթությունը լրացնել, թեկուզ մեր պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում, պետք է մենք դա կազմակերպենք: Խնդրում եմ մտածել այս մասին եւ ինչ-որ ծրագիր առաջարկել»:

  • Կիսվել: