երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սպորտը՝ առողջ ապրելակերպի աղբյուր. հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթի» թենիսի մրցաշարի հաղթողները

Սպորտը՝ առողջ ապրելակերպի աղբյուր. հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթի» թենիսի մրցաշարի հաղթողները

Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցումների երկրորդ օրը կայացան մրցաշարի կիսաեզրափակիչները և եզրափակիչները։  

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցել է 2070 մարդ։ Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից:

216638.jpg (645 KB)

Մրցաշարին տարիքային երկու խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները ստացել են դրամական պարգևներ և ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվել են նաև գավաթներով և մեդալներով:

 

1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 միլիոն ՀՀ դրամ, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ հորիզոնականը զբաղեցրածները՝ 300 հազար ՀՀ դրամ։216640.jpg (626 KB)

4-րդ տեղը զբաղեցրածները ստացել են 100 հազար ՀՀ դրամ, 5-10-րդ տեղերը զբաղեցրածները` 50 հազար ՀՀ դրամ:

 

Կանանց 18-40 տարիքային խմբում հաղթել է Երևանի ներկայացուցիչ Աելիտա Ղազարյանը, երկրորդ տեղում է Հասմիկ Սիմոնյանը, եռյակը եզրափակել է Վերգինե Ղարիբյանը:

Տղամարդկանց այս տարիքային խմբում եռյակում են Գարիկ Չախոյանը, Էդուարդ Հակոբյանը, Նարեկ Գրիգորյանը:

Կանանց ավագ տարիքային խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Լիլիթ Գրիգորյանը, Սուսաննա Հովեյանը և Անահիտ Կրմզյանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ Արթուր Գրիգորյանը, Սարգիս Լալազարյանը, Կարեն Հարությունյանը:

216653.jpg (726 KB)

Պարգևատրելով մասնակիցներին՝ ողջույի խոսքով նրանց դիմեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

««ՀՀ վարչապետի գավաթ»-ի թենիսի սիրողական մրցաշարն արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացվում է, և մենք  այս մրցաշարը իրականացնում  ենք սպորտն ու ֆիզկուլտուրան զանգվածային դարձնելու համար: Իսկ գնված գույքը փոխանցվում է մարզային դպրոցներին, որպեսզի մարզաձևը զարգանա, առողջ ապրելակերպը զարգանա, մրցակցության ոգին զարգանա, հաղթանակի կամքը և նաև միասնականության ոգին զարգանա։ «ՀՀ վարչապետի գավաթ»-ը շարունակական բնույթ է կրելու: Հույս ունեմ, որ մասնակիցների թիվն ամեն տարի կավելանա: Կառավարության ծրագրի ռազմավարական կետերից մեկը սպորտին է վերաբերվում, և ամեն ինչ կանենք այն կյանքի կոչելու համար»,-ասաց վարչապետը:

216652.jpg (577 KB)

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծեց, որ գավաթի խաղարկության փուլերը շարունակական են լինելու և հույս հայտնեց, որ կգա մի օր, երբ մրցաշարը կունենա 10 հազարից ավել մասնակից:

«Ինչ վերաբերվում է սիրողական և  մասսայական սպորտին, ապա այսօր մենք կարծես թե ճիշտ ճանապարհով ենք ընթանում առաջ, որովհետև անցած տարվա համեմատ 500-ից ավելի մասնակից է միացել առաջնությանը։ Մարզերում ակտիվությունը նկատվում է, քանի որ  նախորդ տարի մրցաշարի համար ձեռք բերված նոր գույքը բաժանվել է մարզային մարզադպրոցներին, այս տարի ևս կբաժանվի, և այդ ամենը բերում է ցանկալի արդյունքի»,- ասաց Գիլոյանը։

ԿԳՄՍ  նախարարի տեղակալը ընդգծեց, որ պետք է անեն ամեն ինչ, որպեսզի սպորտը լինի մասսայական, ամենօրյա զբաղմունք  հասարակության համար։

  • Կիսվել: