չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սպորտային վնասվածքների հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջները կարգավորվել են

Սպորտային վնասվածքների հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջները կարգավորվել են

Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի՝ 2023 թվականի հուլիսի 26-ի ««Սպորտային վնասվածքների հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-001-23 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 37-Ն հրամանը: Այդ մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: 
 
Ըստ հաղորդագրության՝ հրամանով կարգավորվում է սպորտային վնասվածքների հաշվառման և հաղորդման կարգը։
 
Սույն սանիտարական կանոնները նախատեսված են օլիմպիական հերթափոխի ուսումնարանների, բոլոր մանկապատանեկան մարզական կազմակերպությունների՝ մանկապատանեկան մարզադպրոցների, մանկապատանեկան մարզական տեխնիկական դպրոցների, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցների, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների համար:
 
Սպորտային վնասվածքի դեպքի մասին մարզադպրոցը կամ բժշկական կազմակերպությունը, որտեղ դիմել է պացիենտը, անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով շտապ հաղորդում է առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ Ազգային կենտրոն) տարածքային մասնաճյուղ, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում Ազգային կենտրոնին՝ սպորտային վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտի ձևաչափով։
 
Սպորտային վնասվածքների դեպքերն անհատապես հաշվառվում են «Սպորտային վնասվածքների դեպքերի հաշվառման մատյան»-ում։
 
Հրամանն ուժի մեջ է մտել 2023 թվականի օգոստոսի 8-ին։
 
Մանրամասները՝ այստեղ:

  • Կիսվել: