ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սպանդանոցների կառուցման գործընթացը դանդաղում է. նախարար

Սպանդանոցների կառուցման գործընթացը դանդաղում է. նախարար

Սպանդանոցների կառուցման գործընթացը որոշակի դանդաղում է: Գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ դա կապված է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ միայն մեկ խնդիր է մնացել՝ կապված օրենսդրական կարգավորումների հետ: Ըտս նրա,  խնդիրն առնչվում է գյուղատնտեսական նշանակության հողերի վրա սպանդանոց կառուցելու հարցում չարաշահումներին:

«Պետք է սահմանվի հստակ ստանդարտ, թե մենք որ դեպքում ենք թույլատրում, որ գյուղական նշանակության հողի վրա կառուցվի  գյուղատնտեսական նշանակության սպանդանոց, որ այդ  սպանդանոցի անվան տակ այդ հողերը չզավթվեն: Կարծում եմ՝ մնացած բոլոր խնդիրները կարգավորված են,և խանգարող բան չկա այդ իմաստով»,- ասաց փոխվարչապետը։

Նրս խոսքով, եղել է այդպիսի դեպք, որ գյուղատնտեսական նշանակության հողի վրա սպանդանոցը 70 քառակուսի պահանջվողի փոխարեն միանգամից  կողքի ասֆալտապատումով  դարձել է գյուղնշանակության հողի ավիրում:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն ասաց, որ  այսօր կան 44 գործող սպանդանոցներ, որից 19-ը ծառայություն են մատուցում:

«Կառուցման փուլում են ևս  82-ը, որոնց նվազագույնը 50 տոկոսը հուլիսի 1-ի դրությամբ կսկսի գործել: Մնացածը կգործեն, նախնական տվայլներով՝ մինչև տարվա վերջ: Ընդհանուր գնահատմամբ՝ հանրապետությունում կա 70-80  սպանդանոցի պահանջարկ»,- ասաց նա։

Նշենք, որ հանրապետությունում սպանդանոցներին գյուղատնտեսական կենդանիների գնումներ կատարելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Ըստ այդմ առաջարկվում է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման՝ պտուղբանջարեղենի, խաղողի և կաթի գնման ուղղությունները լրացնել նոր՝ սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնման ուղղությամբ:

Եվ այդ նպատակով տրամադրվող վարկերի առավելագույն շեմը նախատեսվում է սահմանել սպանդանոցների մակերեսից ելնելով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի քան 2 մլն դրամ հաշվարկով։

  • Կիսվել: