ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սոթքում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Նախարար

Սոթքում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Նախարար

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահի դրությամբ ունենք  4 վիրավոր: Նրանցից 2-ի վիճակը միջին ծանրության է, 2-ինը՝ բավարար: Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,-ասաց Ավանեսյանը:

Զինծառայողները ստացել են տարբեր տիպի վիրավորումներ: Նրանք Երևանում չեն, եթե կարիք զգացվի, կտեղափոխեն:

«Էս պահին իրականացվում է կոնսիլիումային բժշկական օգնության տրամադրում, և մեր բժիշկները կապի մեջ են, և մենք էլ Առողջապահության նախարարության հետ ինտենսիվ աշխատում ենք: Ինչ-որ անհրաժեշտ է, տրամադրվում է պացիենտներին: Դեղորայքային առումով հիվանդանոցային օղակը համալրված է անհրաժեշտ բոլոր պարագաներով»,- ասաց նախարարը, ապա տեղեկացրեց, որ որոշակի աշխատանքներ են իրականացվում նաև Կարմիր խաչի հետ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից շտապօգնության մեքենայի թիրախավորմանը՝ նախարարն ասաց, որ նման ագրեսիան որևէ կերպ չի կարելի արդարացնել: «Շտապօգնության մեքենաները և բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանդիսանում են հատուկ օբյեկտներ և նրանց թիրախավորելը որևէ կերպ ընդունելի չէ»,-ասաց Ավանեսյանը:

Նշենք, որ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանը հայտնել է մեկ զինծառայողի կորստի մասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: