կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սոցիալական վիճակը երբեք չի ազդել մեր ծիսական կերակրատեսակների վրա. Մամուլյան

Սոցիալական վիճակը երբեք չի ազդել մեր ծիսական կերակրատեսակների վրա. Մամուլյան

Տոներին հատկապես ծիսական եւ ազգային կերակրատեսակներ պետք է մատուցվեն: Մենք այն եզակի ազգերից ենք, որոնց տոնածիսական կերակրատեսակների համակարգը փոխանցվել ու ժառանգվել է մեզ: Ամանորին կոնկրետ շատ լավ կլինի, որ մեր հասարակությունը անդրադառնա այդ մեծ ժառնգությանն ու գոնե մի քանի կերակրատեսակներ լինեն ծիսական: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նա նշեց, որ Ամանորը նշելու օրերով պայմանավորված՝ տարիների ընթցքում եւս տոնի ավանդական ուտեստների շրջանում փոփոխություններ են եղել:

Մամուլյանը , մասնավորապես, ասաց. «Մեր հասարակության մեջ երեք անգամ փոխվել է Ամանորը նշելու ձեւը, ինչպես գիտեք՝ սկզբում մարտի 21-ին է նշվել, հետո՝ օգոստոսի 11-ին, հետո նոր՝ հունվարի 1-ին: Այդ սեզոնային երեւույթները հաշվի առնելով՝ որոշ փոփոխություններ կարող էին լինել, բայց, այնունամենայնիվ, այն հիմնական կերակրատեսակները, որոնք բնորոշում են Ամանորը, պահպանված են»:

Նոր տարվա կերակրատեսակներից Մամուլյանը հատկապես առանձնացրեց Նավասարդի հարիսան, կճախաշը, չրերից պատրաստված կերակուրները, մետաղադրամ պարունակող տարեհացը, ղափաման եւ այլն:

«Տոլման միշտ եղել է մեր տոնական սեղաններին, այս շրջանում հիմնականում պասուց տոլման է մատուցվում: Երբ Ամանորը սկսեցինք նշել հունվարի 1-ին, այդ ժամանակ բուսական կերակրատեսակներն էին գերակշռում: Ընդհանրապես իմ կարծիքով ՝ աշխարհի ամենահավասարակշռված խոհանոցներից մեկը հայկականն է: Սոցիալական վիճակը երբեք չի ազդել մեր ծիսական կերակրատեսակների վրա»:

  • Կիսվել: