շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանն արժանացել է ՀՀ պետական մրցանակի

«Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանն արժանացել է ՀՀ պետական մրցանակի

Նոյեմբերի 15-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանին՝ ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի։

Հանդիպման սկզբում Հովիկ Մուսայելյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայցրեց «Սինոփսիս» ընկերության նախագահին։

Ապա պարոն Մուսայելյանն անդրադարձավ «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխությանը, որի ընթացքում ՀՀ պետական մրցանակ է շնորհվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրում ունեցած անձանց՝ տեղեկացնելով, որ այս տարի մրցանակաբաշխության դափնեկիրը «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանն է։

Այնուհետև Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերին, իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեց Չի-Ֆուն Չանին՝ ՀՀ պետական մրացանակին արժանանալու առիթով և մաղթեց նրան նորանոր ձեռքբերումներ ու արդյունավետ գործունեություն ի նպաստ մարդկության բարօր ու ապահով կյանքի կերտման։

Իր հերթին Չի-Ֆուն Չանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է լինել Հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում։

Վերջում ներկաները փոխանակեցին մտքեր՝ քննարկելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ապագայի հեռանկարները։

  • Կիսվել: