ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում հայտնաբերվել են խախտումներ. նյութերն ուղարկվել են ՊՎԾ

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում հայտնաբերվել են խախտումներ. նյութերն ուղարկվել են ՊՎԾ

Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում հայտնաբերվել են խախտումներ. նյութերն ուղարկվել են իրավական գնահատական տալու
Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրով վերահսկողություն է իրականացվել Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ 2018 թվականից մինչև 2022 թվականը ընկած ժամանակահատվածում կնքված բժշկական պայմանագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների կատարման նկատմամբ, հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից:

Ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ «պետական պատվերի» շրջանակներում ստացվել են ֆինանսավորումներ ՓԲԸ-ի կողմից այլ տնտեսվարողների հետ կնքված և արդեն իսկ վճարված ծառայությունների կանչի թերթիկների դիմաց: Արդյունքում՝ 13 տնտեսվարողի հետ իրականացված ծառայությունների մատուցման պայմանագրերում թվով 1281 դեպքով արդեն իսկ վճարված կանչի թերթիկներ մուտքագրվել են «Արմեդ» համակարգ, որի դիմաց ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել և ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսավորում՝ 17 595 320 ՀՀ դրամ չափով:

Միաժամանակ, ուսումնասիրվել են ՀՀ քաղաքացիներին «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կողմից 2019-2021թթ.-ին մատուցված 22.612 վճարովի կանչերի դիմաց գանձումների պատմությունները, որի արդյունքում հայտնաբերվել են թվով 724 անհամապատասխանություններ:
Մասնավորապես՝ քաղաքացիների կողմից արդեն իսկ վճարված կանչերի թերթիկները «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կողմից կրկնակի անգամ մուտքագրվել են «Արմեդ» համակարգ և ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել և ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսական միջոցներ ընդհանուր՝ 5.672.430 ՀՀ դրամի չափով:

Արդյունքում՝ ներկայացված ոչ հավաստի տեղեկատվությամբ և արդեն իսկ վճարված կանչերի վերաբերյալ փաստաթղթերի «Արմեդ» համակարգ մուտքագրմամբ՝ ՓԲԸ-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարությունից թվով 2005 դեպքով պահանջվել և ստացվել են ֆինանսական միջոցներ՝ 23.267.750 ՀՀ դրամ ընդհանուր չափով:

Իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված՝ նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

  • Կիսվել: