չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում մասնագետների դերն առանցքային է. ՇՄ նախարարն այցելել է ԵՊՀ

Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում մասնագետների դերն առանցքային է. ՇՄ նախարարն այցելել է ԵՊՀ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցով Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում էր։ Նախարարն ինքն ավարտել է նույն ֆակուլտետի «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» բաժինը։
 
Նախարարին ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանն ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը, ովքեր նույնպես Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտներ են։
 
Նախարար Պետրոսյանը շրջել է հարազատ ֆակուլտետում, ապա ֆակուլտետի դեկան` երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ մի քանի ժամ տևած բովանդակային հանդիպում-քննարկում ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Քննարկվող հարցերի շրջանակը բավականին լայն էր՝ մասնագիտականից մինչև ներքին քաղաքական։
 
Շնորհակալություն հայտնելով նման հաճելի հանդիպման համար՝ նախարարը նախ ներողություն է խնդրել ֆակուլտետ այցի ուշացման համար, ինչը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ հանգամանքներով, ապա ներկայացրել իր նախարար նշանակվելու օրվանից մինչ այժմ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած շրջադարձային բարեփոխումները, ընթացիկ իրավիճակը, խոսեց նախարարության տեսլականից և ոլորտի մասնագետներ պատրաստող ֆակուլտետի ու պետական գերատեսչության փոխգործակցության անհրաժեշտության և հեռանկարների մասին։
 
Նախարարը շեշտել է, որ այս այցով ցանկություն ուներ մի շատ կարևոր, ինստիտուցիոնալ ամրագրում անել՝ Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում մասնագետների դերն առանցքային է, և առանց այս դարբնոցի, որը տվյալ մասնագետներին է տալիս պետությանը, շատ դժվար կլինի խորքային բարեփոխումներ անել։
 
Քննարկման արդյունքում ևս մեկ անգամ արձանագրվել է, որ ճիշտ է, նախարարությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ որոշակի կառավարչական խողովակներով համագործակցում է, բայց բացակայում է փոխգործակցության այն հարթակը, որը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողներին կկապի ոլորտի քաղաքականությունն իրականացնող գերատեսչության հետ։
 
«Բոլորս էլ հասկանում ենք, որ գլոբալ առումով շրջակա միջավայրի կառավարման ոլորտում առկա խնդիրների մեծ մասը, որոնք ուղղակիորեն ազդում են կյանքի որակի վրա, անմիջականորեն կապված է հիմնարար էկոկրթության բացակայության հետ։ Էկոկրթությունը միայն բուհական կամ դպրոցական շրջանի բնագիտական առարկայի դասաժամը սերտելը չէ, դա կենսակերպ է, վարքուբարք, որի ինստիտուցիոնալ փոփոխությունների ուղղությամբ ևս այս պահին աշխատանքներ են տարվում։ Եվ այդ համատեքստում խիստ անհրաժեշտ է համալսարանի՝ որպես որակյալ մասնագետներ պատրաստող լիիրավ ինստիտուտի ակտիվ ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը։
 
Յուրաքանչյուր ոք իրեն պետք է պատասխանատու զգա շրջակա միջավայրի պահպանության համար: Այս ուղղությամբ նույնպես լուրջ անելիքներ կան: Բնապահպանության ոլորտում 1000 մղոն ճանապարհ ունենք անցնելու, և առաջին քայլերն արդեն արված են»,- իր ելույթում նշել է նախարարը։
 
Նա առաջարկել է մտածել, ձևավորել և իստիտուցիոնալ կայացնել նման հարթակ։ Ուսանողներին հետաքրքրում էին, մասնավորապես, ոլորտում ու նախարարությունում առկա մասնագիտական աշխատատեղերի հարցը։ Նախարարը խոսել է նախարարության կադրային քաղաքականության մասին, ներկայացրել, թե ինչ որակավորում ունեցող մասնագետների կարիք կա այս պահին շրջակա միջավայրի նախարարությունում և ենթակա ՊՈԱԿ-ներում։
 
Նախարարը լսել է ոլորտի մասնագետների ներկայացրած խնդիրների վերաբերյալ ահազանգերը, տեսակետները, խոստացել դիտարկել դրանք, ականջալուր լինել նրանց խորհուրդներին, որպեսզի շատ ավելի արդյունավետ իրականացվեն պաշտոնական պարտականություններն ու լիազորությունները։

 

 

  • Կիսվել: