չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շողակաթ եւ Արտանիշ բնակավայրերում իրականացված հնագիտական պեղումները կարեւոր տեղեկություններ են բացահայտել

Շողակաթ եւ Արտանիշ բնակավայրերում իրականացված հնագիտական պեղումները կարեւոր տեղեկություններ են բացահայտել

Արդեն չորրորդ տարին է, ինչ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը Գերմանիայի Հալեի Մարտին Լյութերի համալսարանի հետ համատեղ (ղեկավարներ՝ Արսեն Բոբոխյան, Ռենե Կունցե) պեղումներ է իրականացրել Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ եւ Արտանիշ բնակավայրերի միջեւ ընկած ուշ բրոնզ-երկաթեդարյան (Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակի  վերջ-առաջին հազարամյակի կես) դամբարանադաշտում եւ վաղ բրոնզեդարյան (Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակի առաջին կես) բնակատեղիում:

 

 
 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց արշավախմբի համաղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, այս տարի եւս շարունակվել են հնագիտական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի մարզի Արտանիշ եւ Շողակաթ բնակավայրերում:

«2019 թվականից սկսած՝ դամբարանադաշտում արդեն պեղվել են թվով 10 դամբարաններ: Այժմյան տվյալները փաստում են, որ այն գործել է Ք.ա. 12-6-րդ դարերի ընթացքում: Սեւանա լճի անընդհատ տատանումների պատճառով դամբարանները ինչ-որ ժամանակ եղել են ջրի տակ, ինչի արդյունքում օրգանական, ի մասնավորի մարդաբանական նյութը, բավականին վատ պահպանվածություն ունի: Սակայն, չնայած դրան, այս տարի երկու դամբարաններում հնարավոր է եղել բացել երկու անհատների թաղումներ: Դրանցից մեկը միջին տարիքի իգական սեռի անհատ էր, որը դիադրված էր ձախ կողքի վրա, կծկված դիրքով, իսկ մյուսը արական սեռի անհատ էր՝ դիադրված աջ կողքի վրա, կրկին կծկված դիրքով: Երկու դամբարաններում էլ գտնվել են հանգուցյալին անդրաշխարհում ուղեկցող առարկաներ՝ բրոնզե դաշույն, նետասլաք, ապարանջաններ, օղեր, մատանիներ, տարբեր տեսակի ուլունքներ, կավանոթներ»,-ներկայացրեց Արսեն Բոբոխյանը:

 

2020 թվականից արշավախումբն աշխատում է նաեւ Կուր-արաքսյան մշակույթին վերաբերող եւ Ք.ա. 28-26-րդ դարերով թվագրվող բնակավայրում, որը գտնվում է նույն Արտանիշի տարածքում եւ կրում է «Արտանիշ-9» պայմանական անունը: Այստեղ փաստագրվել են քարե հիմքով կլոր հատակագծով կացարաններ, դրանց կավե հատակները, իսկ կացարաններից մեկի կենտրոնում բացվել է օջախ: Այս տարվա պեղումները պարզել են, որ բնակատեղին ունի բնակեցման երկու փուլ, իսկ թե դրանց միջեւ ժամանակային որքան տարբերություն կա, կմանրամասնվի հետագա լաբորատոր աշխատանքների արդյունքում:

«Դաշտային եւ լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այստեղ ապրող հասարակությունը զբաղվել է երկրագործությամբ, մշակել է ցորեն, գարի, ապրել անասնապահությամբ՝ պահելով  մանր եւ խոշոր եղջերավոր անասուններ, խոզ, ձի։ Նրանց կյանքի անբաժան մասն է եղել նաեւ որսորդությունը։ Նրանք որսացել են այծյամ, եղջերու։ Մարդիկ այդ ժամանակներում զբաղվել են նաեւ մետաղագործությամբ, ունեցել ինքնատիպ ճարտարապետական, բրուտագործական ավանդույթներ»,- հավելեց մասնագետը:

  • Կիսվել: