կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ղազախստանում, ինչպես ՌԴ-ում, ուժեղացրել են Կենտրոնական Ասիայից եկած միգրանտների ստուգումները, վտարումները

Ղազախստանում, ինչպես ՌԴ-ում, ուժեղացրել են Կենտրոնական Ասիայից եկած միգրանտների ստուգումները, վտարումները

Ղազախստանը Ռուսաստանից հետո ուժեղացրել է Կենտրոնական Ասիայից, մասնավորապես Տաջիկստանից եկած միգրանտների ստուգումները։ Այս մասին գրել է «Ազատություն/Օզոդի» ռադիոյի տաջիկական ծառայությունը։

Պարբերականին տված մեկնաբանությունում Ղազախստանում աշխատող տաջիկ միգրանտները տեղեկացրել են, որ տեղի ոստիկանությունը Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիների ստուգումներ է իրականացնում, որոնց արդյունքներով նրանց բերման են ենթարկում եւ վտարում։

«Եղել են դեպքեր, երբ բերման են ենթարկվել եւ վտարվել անգամ նրանք, ովքեր կեցության ժամանակավոր իրավունք են ունեցել»,- ռադիոյին ասել է զրուցակիցներից մեկը։

Մայիսի 7-ին Տաջիկստանի ԱԳՆ-ն երկրի Ղազախստան մեկնող քաղաքացիներին նախազգուշացրել է, որ նրանք պետք է թույլատրող փաստաթղթեր ունենան։ Գերատեսչությունում դա բացատրել են Ղազախստանի իշխանությունների կողմից երկրի միջազգային օդանավակայաններում անվտանգության միջոցների ուժեղացմամբ։

Մինչ այդ Ղազախստանի ոստիկանությունը տեղեկացրել էր 16 միգրանտի վտարման մասին, որոնք աշխատում էին Ուլիտաու մարզում։ Նրանցից ինը Տաջիկստանի քաղաքացիներ էին, յոթը՝ Ուզբեկստանի։

«Պարզվել է, որ այդ օտարերկրացիներն աշխատում էին Սատպաեւ քաղաքում, առանց համապատասխան թույլտվության եւ փաստաթղթերի։ Օրինականության եւ իրավակարգի ապահովման նպատակով օտարերկրյա բոլոր քաղաքացիները հարկադրաբար վտարվել են երկրի տարածքից»,- նշվել է Ղազախստանի ոստիկանության հաղորդագրությունում։

Ապրիլին Տաջիկստանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խորհուրդ էր տվել հրաժարվել Ռուսաստան մեկնելուց։ Թեեւ գերատեսչության հայտարարությունում ուղիղ այդ մասին չի նշվում, մի շարք իրավապաշտպաններ կարծում են, որ խորհրդի պատճառը Տաջիկստանի քաղաքացիների ճնշումներն են, որոնք բախվել են այլատյացության նոր ալիքի Ռուսաստանում «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունից հետո։ Ձերբակալված կասկածյալների մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են։

  • Կիսվել: