ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շիրակի մարզում դեռևս կան դպրոցներ, որոնք ջեռուցվում են թիթեղյա վառարաններով

Շիրակի մարզում դեռևս կան դպրոցներ, որոնք ջեռուցվում են թիթեղյա վառարաններով

Շիրակի մարզում թեև չջեռուցվող դպրոց չկա, բայց դեռ կան դպրոցներ, որոնք ջեռուցվում են թիթեղյա վառարաններով: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը։

Նրա տվյալներով՝ Շիրակի մարզում մարզպետարանի ենթակայության տակ գործում է 146  դպրոց, որոնք բոլորը ջեռուցվում են: «Հիմնականում կենտրոնական համակարգով գազաֆիկացմամբ ջեռուցվող դպրոցներն են, կան տեղում հեղուկ վառելիքով՝ կենտրոնացված և էլեկտրականությամբ ջեռուցվող դպրոցներ»,- նշեց Գևորգ Ղումաշյանը տեղեկացնելով, որ կենտրոնական ջեռուցում ունեցող կամ էլեկրականությամբ տաքացող դպրոցների կողքին մարզում դեռ 13 դպրոց թիթեղյա վառարաններով ու հեղուկ վառելանյութով է ջեռուցվում: «Մարզպետի հանձնարարականով այս պահին աշխատանքներ ենք տանում, որ կարճ ժամանակում թիթեղյա վառարաններով ջեռուցումից անցում կատարենք էլեկտրականության, կամ այլընտրանքային ջեռուցման, ինչը ոչ միայն տնտեսապես է ավելի արդյունավետ, այլ նաև էկոլոգիապես»,- նշեց պատասխանատուն:

Կապված մարզում տարբեր համայնքերում եղանակային տարբերությունների հետ, ըստ պատասխանատուի, դպրոցներում ջեռուցումը սկսելու ամրագրված օր չկա։ Եթե կարիքը կա, որ դպրոցը ջեռուցումը սկսի հոկտեմբերին, ուրեմն դպրոցը ջեռուցվում  է: «Եթե պահանջը զգացվի, դպրոցները ավելի շուտ են սկսում ջեռուցվել և հակառակը: Նորմեր գոյություն ունեն, որոնց պետք է հետևեն դպրոցում: Ասեմ, որ նոյեմբերի 1-ից, ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով, ամենօրյա մշտադիտարկում է իրականցվում»,- նկատեց  պատասխանատուն՝ հավելելով, որ մինչ այս պահը դպրոցների ջերմային ռեժիմի խախտման մասին ահազանգեր մարզպետարանը չի ստացել:

Կրթության բաժնի պետը նաև տեղեկացրեց, որ դպրոցներին հատկացված է ջեռուցման համար նախատեսված գումարը, իսկ եթե հատկացվածից շատ ջեռուցվի դպրոցը, ապա կկատարվի վերահաշվարկ և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գումար կհատկացվի:

  • Կիսվել: