կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Շիրակի մարզում բախվել են Chrysler-ն ու Opel Vectra-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր

Շիրակի մարզում բախվել են Chrysler-ն ու Opel Vectra-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Chrysler 300 մակնիշի և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկտաը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել է նաև Գյումրու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք և որոշ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ն. Գասպարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: 

  • Կիսվել: