ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շիրակի մարզպետն ընդունել է «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ ներկայացուցիչներին

Շիրակի մարզպետն ընդունել է «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ ներկայացուցիչներին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ «Կանաչ արահետն» ու «Հույսի Նշան» միջազգային կազմակերպությունն առաջիկա 3 տարիների ընթացքում կիրականացնեն «ՀՀ Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերում կլիմայակայուն գյուղատնտեսության կարողությունների բազմամակարդակ ինտեգրացված զարգացում» ծրագիրը՝ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։

«Ուրախ եմ ձեզ տեսնել Շիրակի մարզում, կարևոր ծրագիր եք իրականացնում, հատկապես, երբ խոսքը կլիմայակայուն գյուղատնտեսության կարողությունների զարգացմանն է վերաբերում։ Սա նշանակում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի աղքատության մակարդակի նվազմանը։ Շիրակի մարզպետարանը պատրաստ է համագործակցության և մեր հնարավորությունների սահմաններում կաջակցենք ձեզ»,- նշել է Շիրակի մարզպետը։

Կազմակերպության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար։

Ծրագրի նպատակն է ՀՀ հյուսիսային մարզերի գյուղական համայնքներում մեղմել աղքատությունը՝ նորարար, կայուն և կլիմայի փոփոխություններին հարմարվող գյուղատնտեսական գործելակերպերի ներդրման միջոցով։ Ծրագրով կթիրախավորվեն խոցելի խմբերը։ Ծրագրի վերջնարդյունքների ցուցանիշներով նախատեսվում է 3 մարզերի 6 բնակավայրերի 280 փոքր ֆերմերների գյուղատնտեսական գործունեությունից եկամուտներն ավելացնել 20%-ով։

Ծրագիրը կաջակցի ավելի քան 360 փոքր ֆերմերների, որոնց առնվազն 50% կանայք են՝ գիտելիքների տարածման ու շուկայավարման հարցերում համագործակցության բարելավման և նոր ու կայուն գյուղատնտեսական մեթոդների կիրառման միջոցով ավելացնելու եկամուտները՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության մարտահրավերները:

  • Կիսվել: