չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շղթայական ՃՏՊ-ն Երեւանում քաղաքապետարանի հիմնարկի բանիմաց չլինելու հետեւանք է. «Բարգավաճ Հայաստան»

Շղթայական ՃՏՊ-ն Երեւանում քաղաքապետարանի հիմնարկի բանիմաց չլինելու հետեւանք է. «Բարգավաճ Հայաստան»

Շղթայական վթարից հետո միայն, եւ միայն այն տեղամասում, որտեղ տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարը, քաղաքապետարանի «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները աղ եւ ավազ ցանեցին։ Այս մասին Երեւանի ավագանու այսօրվա նիստում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ դա արվել է, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե աշխատանք է կատարվում, քանի որ Դավթաշենի կամրջի մնացած հատվածում աղ եւ ավազ չկա։

Հարությունյանը կոչ է արել գիշերն իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ, որպեսզի առավոտյան նման խնդիրներ չառաջանան։ «Երբեք նման խնդիր չէր լինի։ Մենք դեռ ամառվանից էինք ասում, որ այդ գերատեսչության աշխատակիցները բանիմաց չեն»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Երեւանի Դավթաշենի կամրջին դեկտեմբերի 20-ի առավոտյան տեղի է ունեցել մեծ շղթայական վթար, բախվել է 27 մեքենա, տուժել է երկու մարդ։

  • Կիսվել: