շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շղթայական ավտովթար ԱՄՆ-ի դեսպանատան մոտ. ՀՀ ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Շղթայական ավտովթար ԱՄՆ-ի դեսպանատան մոտ. ՀՀ ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 12:55-ի սահմաններում, Իսակովի պողոտա և Ամերիկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գայանե Ս.-ի վարած Renault մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Գոռ Խ.-ի վարած Mazda մակնիշի, Երևանի բնակիչներ, 66-ամյա Ոսկան Գ.-ի վարած Nissan մակնիշի, 42-ամյա Էդիկ Բ.-ի վարած Opel մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Ռաֆիկ Բաղդասարյանի Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Զոհրապ Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Սամվել Կոստանդյանը, Սամվել Հակոբյանը, Ռուսլան Միզրոյանն ու Վարդան Նիկոլյանը:  

Պարեկների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդունքում ճանապարհը մնացել է երթևեկելի, հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չէին կայանում վթարի վայրում:   Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել:   Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ :

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: 

  • Կիսվել: