չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի 31-ամյակի առթիվ աշխատակիցները պարգևատրվել են պատվոգրերով

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի 31-ամյակի առթիվ աշխատակիցները պարգևատրվել են պատվոգրերով

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, նախարարի տեղակալներ Արտյուշ Գրիգորյանը, Դավիթ Համբարյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն հուլիսի 18-ին այցելել են Գառնիի երկրաֆիզիկական դիտարան (ԳԵԴ):

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ԱԻՆ պաշտոնյաները մասնակցել են «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ստեղծման 31-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը: Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է աշխատակիցներին՝ մաղթելով արդյունավետ և ձեռքբերումներով լի աշխատանք:

«Միջոցառման ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը շնորհավորել է գործընկերներին և ներկայացրել տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները և առաջիկա անելիքները:

Սոս Մարգարյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին միացյալ երկրաֆիզիկական ծառայության «Սեյսմոլոգիական տվյալների մշակման և մեկնաբանման ժամանակակից մեթոդները» խորագրով միջազգային սեյսմոլոգիական ամենամյա 17-րդ դպրոցը նախատեսվում է իրականացնել Հայաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի Շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի աջակցությամբ տեղադրվելու են նոր կայաններ, սերտացվելու է գիտության ոլորտում համագործակցությունը: Եվրամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի երկրաշարժերի «զգացվածության» հավելվածը կունենա նաև հայերեն բաժին, նախատեսվում է այն կիրառելի դարձնել Հայաստանում, հատկապես դպրոցականների շրջանում:

Նշվում է, որ միջոցառման ավարտին «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հիմնադրման 31-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ծառայության կայացման գործում նշանակալի ներդրում ունեցած աշխատակիցները պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով:

  • Կիսվել: