երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սևան քաղաքի Նաիրյան փողոցում տեղադրվել են ժամանակակից լուսակիրներ

Սևան քաղաքի Նաիրյան փողոցում տեղադրվել են ժամանակակից լուսակիրներ

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի 3 խաչմերուկներում «Ժամանակակից լուսակիրների տեղադրում» ծրագրով տեղադրվում են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուսակիրներ, որոնք առավել անվտանգ ու ապահով կդարձնեն մարդկանց երթևեկը և ավտոմեքենաների տեղաշարժը:

Ինչպես տեղեկացանք Սևանի համայնքապետարանի աշխատակազմից՝  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում 2023 թվականի տարեսկզբից մեկնարկել էր ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի «2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների տեղայնացման» նախաձեռնությունը։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների կողմից։

Նախաձեռնության նպատակն է բարելավել ՀՀ համայնքների պլանավորելու և առաջնորդելու կարողությունները։

«Նախորդ տարվա ապրիլին հայտարարվել էր դրամաշնորհային ծրագրերի հայտ-առաջարկների կանչ՝ միտված աջակցելու ՀՀ համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված փոքր և միջին ծրագրերին՝ առանցքում դնելով «Կայուն զարգացման 2030 Օրակարգը»։ Ամփոփելով արդյունքներն՝ առավելագույն միավորներ հավաքած 23 ծրագրերն արժանացել են ֆինանսավորման։ Դրանցից մեկն էլ Սևան համայնքի կողմից ներկայացված «Ժամանակակից լուսակիրների տեղադրում» ծրագիրն է, որն արդեն դառնում է իրողություն:  «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվել են լուսակիրների համար նախատեսված հենասյուների տեղադրման աշխատանքները»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

  • Կիսվել: