երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սևան համայնքում իրականացվում է թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորմանը միտված ևս մեկ ծրագիր

Սևան համայնքում իրականացվում է թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորմանը միտված ևս մեկ ծրագիր

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում «Մաքուր ապագա․ շրջակա միջավայրի պաշտպանություն և պլաստիկ թափոններ» ծրագրի շրջանակներում իրականացվում է թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորմանը միտված ևս մեկ ծրագիր։

Ինչպես հայտնում են Սևանի համայնքապետարանի աշխատակազմից՝ ծրագրի շրջանակներում օրերս Սևան քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 1, Յա. Զարուբյանի անվան թիվ 2, Վլ. Կարապետյանի անվանի թիվ 3, թիվ 4 հիմնական դպրոցներում տեղադրվել են պլաստիկի, թղթի, ապակու թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ:

«Այ Էս Էս Դի համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի, Գեղարքունիքի մարզպետարանի և Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղի համագործակցությամբ իրականացվում է «Մաքուր ապագա. շրջակա միջավայրի պաշտպանություն և պլաստիկ թափոններ» ծրագիրը, որի նպատակն է իրազեկել և ներկայացնել թափոնների տեսակավորման կարևորությունը ու բնապահպանական անհրաժեշտությունը, որի արդյունքում կձևավորվի Սևան համայնքում թափոնների տեսակավորման մշակույթ հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում:

Ծրագրի առանցքը կրթական կառույցներն են, որոնք բնապահպանական խնդիրների բարձրաձայնման և լուծման գործընթացում ունեն զգալի դերակատարում:

«Հիշեցնենք, որ 2023 թվականին էլ Սևան համայնքում իրականացվեց «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագարին համայնք» ծրագիրը՝ «Այ Էս Էս Դի համայնքների կայուն զարգացման նորարար լուծումներ» ՀԿ-ի և Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության միջև կնքված ծրագրի շրջանակներում, որի շահառուները Ծաղկունք գյուղի բոլոր տնային տնտեսություններն էին, որտեղ տեղադրվել են աղբի տեսակավորման արկղեր, նման արկղեր տեղադրվել են նաև Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, Գագարին բնակավայրերի վարչական կառույցներում, Սևանի համայնքապետարանում, որն ուղեկցվել է իրազեկման բազմաշերտ աշխատանքով և միջոցառումներով»,-ներկայացրեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

  • Կիսվել: