կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սերժ Թանկյանը Imagine Dragons խմբին հորդորել է չեղարկել Բաքվում կայանալիք համերգը

Սերժ Թանկյանը Imagine Dragons խմբին հորդորել է չեղարկել Բաքվում կայանալիք համերգը

Աշխարհահռչակ System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը պարբերաբար սոցիալական իր էջերում անդրադառնում է Արցախում ստեղծված իրավիճակին՝ հանդես գալով կոչերով ու նախաձեռնություններով:

Այժմ էլ Թանկյանը աշխարհահռչակ Imagine Dragons խմբին հորդորել է չեղարկել սեպտեմբերի 2-ին Բաքվում կայանալիք համերգը՝ իր խոսքում նշելով, որ ինքը միշտ եղել է ցեղասպանության ճանաչման ջատագով, իսկ հիմա Ադրբեջանի կողմից մեկ այլ ցեղասպանություն է իրականացվում:

«Ես դիմում եմ ձեզ այսօր՝ հորդորելու ձեզ վերանայել և հուսով եմ չեղարկել այս տարվա սեպտեմբերի 2-ին Բաքվում, Ադրբեջանում կայանալիք ձեր ծրագրված ելույթը: Սա պայմանավորված է մարդու իրավունքների սարսափելի խախտումներով, որոնք իրականացրել է Իլհամ Ալիևի կոռումպացված նավթաօլիգարխիկ բռնապետությունը ոչ միայն սեփական ժողովրդի, այլ հազարավոր հայերի (իմ ժողովրդի) նկատմամբ։ 2020 թվականից ի վեր Ադրբեջանը պատերազմ է սկսել հայերի դեմ՝ սպանելով հազարավորներին, տեղահանելով տասնյակ հազարավորներին և ահաբեկելով անթիվ-անհամարներին՝ անօրինական շրջափակման միջոցով»,- մասնավորապես նշել էր Թանկյանը։

Հիշեցնենք, որ Արցախը արդեն 8 ամիս շրջափակման և երկամսյա լիակատար պաշարման մեջ է։ Օրերս Արցախում գրանցվեց սովամահության առաջին դեպքը։
 

  • Կիսվել: