հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սարի թաղում կերուխումից հետո երիտասարդը դանակահարել է 20-ամյա ազգականին

Սարի թաղում կերուխումից հետո երիտասարդը դանակահարել է 20-ամյա ազգականին

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Սարի թաղի 11-րդ փողոցի տներից մեկում դանակահարություն է եղել: Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է նշված հասցե: Քիչ անց ստացվել է նաև հիվանդանոցային ահազանգ. հաղորդում էին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել վերոհիշյալ տան 20-ամյա բնակիչը:

Վնասվածքը ծանր էր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով:

Իսկ մինչ այդ Էրեբունու քրեական հետախույզներն արդեն ստացել էին օպերատիվ տվյալ, և դեպքից ժամեր անց Նոր Խարբերդի 1-ին փողոցից բերման են ենթարկել Սարի թաղում բնակվող մի երիտասարդի, որը տուժածի ազգականն է: Ըստ նախնական տվյալների` առաջին անգամ չէր, որ երիտասարդները կերուխում էին կազմակերպել, որոնցից հերթականն էլ ավարտվել էր վիճաբանությամբ ու դանակահարությամբ:
Դանակահարողը ներկայացվել է քննչական բաժին, որտեղ խոստովանել է արարքն ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:

 

  • Կիսվել: