շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սահմանազատման և սահմանագծման արդյունքում ադրբեջանական զորքերը Սյունիքի սուվերեն տարածքից պետք է հետ քաշվեն. Սյունիքի մարզպետ

Սահմանազատման և սահմանագծման արդյունքում ադրբեջանական զորքերը Սյունիքի սուվերեն տարածքից պետք է հետ քաշվեն. Սյունիքի մարզպետ

«Միջգերատեսչական աշխատանքային խումբը մինչ այս պահն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ գրեթե բոլոր ոլորտներում: Այդ ուղղությամբ ծախսվել են շուրջ 1.3 միլիարդ դրամ, բացի դրանից նաև միջազգային գործընկերների հետ համատեղ ծրագրերի արդյունքում այդ գումարը ևս 400 միլիոն դրամով կարող ենք ավելացնել, ինչը ըստ էության դեռ շարունակվում է: Գումարները ծախսվել են գրեթե բոլոր ոլորտներում, բայց ամենամեծ բաժինը անվտանգային միջավայրի ամրապնդմանն էր ուղղված: Միևնույն ժամանակ գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և մի շարք այլ ոլորտներում էլ ունեցել ենք ծրագրեր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը՝ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Ըստ Ղուկասյանի՝ այս ընթացքում իր համար առաջնային է եղել Սյունիքում կայունություն և միասնություն ձևավորելը. «Ես ամբողջ ջանքերս ուղղել եմ այդ ուղղությամբ: Սա ինձ համար ամենակարևոր աշխատանքն էր, որ իրականացրել եմ: Աշխատել ենք գրեթե բոլոր համայնքապետարանների հետ, քննարկել ենք այն բոլոր առաջնահերթ ծրագրերը, որոնք կօգնեն հնարավորինս արագ Սյունիքը տանել դեպի զարգացում»:

Մարզպետի խոսքով՝  Սյունիքի մարզում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց ավելացել են նորերը՝ պայմանավորված վերջին պատերազմով. «Մեզ պետք է օր առաջ  արագ և ճշգրիտ իրականացնել անհրաժեշտ ծրագրերը, որպեսզի կարողանանք հասնել հաջողության»:

Լրագրողի այն հարցին, թե սահմանազատման և սահմանագծման աշխատանքերի ժամանակ մարզպետը պահանջելու է երաշխիքներ, որ այդ աշխատանքներից հետո ադրբեջանական զորքը Սյունիքի սուվերեն տարածքից կհեռանա, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Սյունիքի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն: Շատ ու շատ հարցերի պատասխաններ կստանանք հենց սահմանազատման և սահմանագծման արդյունքում: Հուսով եմ՝ դա շատ արագ տեղի կունենա»:

  • Կիսվել: