Սա մեզ համար համերգ ունենալու եզակի հնարավորություն չէ, կարող ենք և չեղարկել. Գարիկ Պապոյանը պատասխանել է ընդդիմադիր պատգամավորին
Հանրապետության տարածքով բոլոր ռեստորանները, հյուրանոցներն ու համերգասրահները այդ օրը նշելու են Ամանորը` երգիչներով, մեծ շոուներով, որտեղ գնալու հնարավորություն ոչ բոլոր ընտանիքներն ունեն, իսկ հրապարակի մեր ելույթն անվճար էր բոլոր ընտանիքների համար, բայց նամակի հեղինակին հետաքրքրում է հենց մեր համերգի չեղարկումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երաժիշտ, դերասան Գարիկ Պապոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի բաց նամակին, որով նա կոչ էր անում Գարիկ Պապոյանին եւ Սոնա Ռուբենյանին ելույթ չունենալ Հանրապետության հրապարակում սպասվող Ամանորյա միջոցառմանը:
«Այսօր առավոտս սկսվեց աղջկաս մանկապարտեզի հանդեսով:
Ուշադիր նայում էի, թե ոնց են պուճուրները երգում, պարում, արտասանում,դիմավորում Ձմեռ պապին ու ուրախությունից փշաքաղվում: Էդ տեսարանը նայում ու ներքուստ մտածում էի, թե ինչպես ենք մենք մեծերով արդեն մի քանի տարի անցնում "դժոխքի" միջով, բայց մեր պուճուրներին պահում գույների, երգի ու հեքիաթի մեջ:
Լավ, ինչու՞ ենք դա անում: Ինչու՞ նրանցից էլ չենք խլում էդ երջանկությունը, ինչու՞ չենք նրանց պարը դադարեցնում, ինչու՞ չենք բարձր երգելու համար նրանց ամոթանք տալիս, ասելով, որ քանի կան հայ երեխաներ,որոնք չունեն պարելու և երգելու հնարավորություն, դուք էլ պիտի չունենաք ..
Միգուցե,որովհետև, իրենք դեռ շատ պուճուր են դա հասկանալու համար..
Միգուցե, որովհետև, չենք ուզում փոքրուց իրենց մեջ իրենց երկիրը տպավորվի որպես տխուր ու հուսալքված վայր, ու մանկուց իրենց մեջ ձևավորենք երկրից փախչելու երազանք:
Չէ որ մեզանից շատերը մեծացել են պատերազմող ու երկրաշարժից տուժած հայաստանում, որտեղ, մինևնույնն է, մեր ծնողները մեր ձեռքը բռնած տանում էին համերգներ ու թատրոններ:
Հետո գալիս եմ տուն, ու հասկանում,որ համացանցում պտտվում է բաց նամակ` ուղղված ինձ ու Սոնային, պահանջով, որ մենք Ամանորին հրապարակի մեր ելույթը չեղարկենք: Իսկ այդ նամակը ուղեկցվում է մեկնաբանություններով, որոնք անկեղծ մինչև հոգուս խորքը վիրավորել են ինձ.. ինչևիցե..
Հանրապետության տարածքով բոլոր ռեստորանները, հյուրանոցներն ու համերգասրահները այդ օրը նշելու են Ամանորը` երգիչներով, մեծ շոուներով, որտեղ գնալու հնարավորություն ոչ բոլոր ընտանիքներն ունեն, իսկ հրապարակի մեր ելույթն անվճար էր բոլոր ընտանիքների համար: Բայց նամակի հեղինակին հետաքրքրում է հենց մեր համերգի չեղարկումը..
Սա մեզ համար համերգ ունենալու եզակի հնարավորություն չէ, որից պինդ կառչել ենք: Կարող ենք և չեղարկել, ինչպես արել ենք բազմիցս!
Խնդրեմ պարզապես ասեք... ես խառնվել եմ սեփական մտքերի մեջ..
Ժամանակ ա պետք հասկանալու, թե երբ ու ինչով արժանացանք էդ ատելությանն ու վիրավորանքներին…»,- գրել է նա:
Նշենք, որ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել էր.
«Հարգելի Գարիկ և Սոնա,
մամուլի հրապարակումների համաձայն դուք պատրաստվում եք 2022 թ. դեկտեմբերի 31-ին ելույթ ունենալ «Ամանորյա» միջոցառմանը:
Ամանոր բառը գրում եմ չակերտների մեջ, որովհետև այդ միջոցառման իրական նպատակը զուգահեռ` հայ իրականության հետ կապ չունեցող իրականության ստեղծումն է:
Իրականություն, որտեղ Եռաբլուրը գնալով չի մեծանում,
Իրականություն, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ չի եղել պատերազմ,
Իրականություն, որտեղ չեն եղել հարյուրավոր զոհեր և վիրավորներ,
Իրականություն, որտեղ հայրենիքի համար նահատակվածների մարմինները դեռևս մեր սարերում չեն,
Իրականություն, որտեղ թշնամին մեր ինքնիշխան տարածքում չէ,
Իրականություն, որտեղ հայկական Արցախը և 120,000 հայեր գերության մեջ չեն:
Մինչդեռ բոլոր վերոնշվածները մեր իրականության, իրական Հայաստանի առօրյայի ընդամենը մի մասի նկարագրությունն են:
Այս իրականութան պայմաններում է, որ անհասկանալի է դառնում ՊԵՏԱԿԱՆ մակարդակով որևէ շքեղ տոնախմբության անցկացումը և դրան Ձեզ նման հանրային մեծ լսարան ունեցող արվեստի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը:
Կանխելով «Իսկ ի՞նչ անենք, միթե երեխաներն իրավունք չունեն ուրախանալու» հարցի հնչեցումը ձեր կողմից, ուզում եմ ասել, որ երեխաներն, անշուշտ, իրավունք ունեն ուրախանալու: Բայց ուրախանալուց առաջ երեխաները նաև ունեն
Կյանքի իրավունք,
Ազատ տեղաշարժի իրավունք,
Կրթության իրավունք,
Արժանապատիվ ապրելու իրավունք,
Շրջափակված չլինելու իրավունք,
Վերջապես հայրենիքի համար նահատակված հոր գերեզման ունենալու իրավունք...
Այս օրերին տասնյակ հազարավոր հայ երեխաներ զրկված են այս իրավունքներից շատերից:
Հարգելի Գարիկ և Սոնա,
այն նույն պահին, երբ Հանրապետության հրապարակից դուք շնորհավորելու եք Ամանորը, հայերի մի մասը լինելու է Եռաբլուրում, մյուս մասը շրջափակված Արցախում:
Այդպիսով, դուք, ըստ էության, գործիք եք դառնալու իշխող ուժի ձեռքերում` աշխարհի համար մեր ողբերգական իրականությունը կոծկելու և աղետի իրական մասշտաբները թաքցնելու գործում:
Եթե մամուլում տարածված տեղեկատվությունը սխալ է և Դուք չեք մասնակցելու այդ միջոցառմանը, հայցում եմ ձեր ներողամտությունը:
Սակայն եթե տարածվող տեղեկատվությունը ճիշտ է, ամենայն հարգանքով խնդրում եմ Ձեզ վերանայել այդ միջոցառմանը մասնակցելու ձեր որոշումը:
Այդ միջոցառման փոխարեն առաջարկում եմ մասնակցել դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանի մոտից դեպի Եռաբլուր ուղևորվող «Լռության երթին», որը կազմակերպել են Արցախի երիտասարդները` կոչ անելով 2023 թ. դիմավորել Հայրենիքի համար նահատակվածների հետ Եռաբլուրում»:


