շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, դրանք բաշխվել են ՀՀ դպրոցներին. նախարար

Ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, դրանք բաշխվել են ՀՀ դպրոցներին. նախարար

ՀՀ հանրակրթական դպրոցներին տրամադրվելիք ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, գրքերը բաշխվել են դպրոցներին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան մամուլի ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Փորձաքննությունն ունի շատ պարզ նպատակ. դպրոցներ մուտք գործող ցանկացած նյութ պետք է փորձաքննված լինի և դա ստանդարտ ընթացակարգ է: Հատկապես հաշվի առնելով, որ այս տարվանից մենք նոր չափորոշիչը ներդնում ենք ՀՀ դպրոցներում, այն դասագրքերը, որոնք ուղարկված էին ՌԴ–ից , բնականաբար, պետք է անցնեին փորձաքննություն՝ հասկանալու համար, թե որքանով են համապատասխանում են այդ չափորոշչին։ Օրինակ, որ թեմաներին են անդրադառնում, որ թեմաներն են բաց մնում եւ ինչպիսի այլ ուսումնական նյութեր են պետք այդ աշխատանքներն ամբողջությամբ կազմակերպելու համար»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ դա վերաբերում է միայն ռուսերենով ուսուցման դասարանների դասագրքերին:

Անդրեասյանն ասաց նաեւ, որ ռուսական կողմին բազմիցս ասել են, որ ավելի ինստիտուցիոնալ մեխանիզմ կլինի այն, որ ոչ թե ՌԴ–ից որոշակի խմբաքանակի գրքեր բաշխվեն ՀՀ դպրոցներին, այլ ՀՀ դպրոցների դասագրքերը, որոնք համապատասխանում են ՀՀ կրթական չափորոշիչներին, ռուսերեն լեզվով ապահովվի ռուսերենով ուսուցման դասարանների համար. «Համապատասխան աշխատանքային խմբերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որպեսզի այսպիսի հարցեր չառաջանան: Որովհետեւ պարզ է, որ չափորոշիչային խնդիրներ առաջանալու են, որովհետեւ մեր եւ ՌԴ-ի չափորոշիչը նույնը չէ, եւ դրանք առաջ են բերելու հարցեր»,-ասաց նախարարը:

Նշենք, որ նոյեմբերի 11-ին Հայաստան է բերվել 53 000 ռուսերեն դասագիրք։ ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը նոյեմբերի 16-ին հայտնել էր, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ուսումնական նյութերի փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության պատրվակով դադարեցրել է Ռուսաստանի փոխանցած դասագրքերի բաշխումը դպրոցներին։ Նա ընդգծել է, որ գերատեսչությունից անձամբ են դիմել ռուսական կողմին` դպրոցներին դասագրքեր տրամադրելու համար։

Հիշեցնենք` «Ռուսական մարդասիրական առաքելությունը» Հայաստան էր հասցրել աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի, երկրաչափության 53 հազար դասագիրք։ 800–ը փոխանցվել էին Հայ–ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցին։ Մնացածը պետք է բաշխվեին Երևանի և մարզերի (Արարատ, Շիրակ, Արմավիր, Սյունիք, Վայոց Ձոր, Կոտայք, Տավուշ) 27 դպրոցներում։

  • Կիսվել: