Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել, կարևորը` չարորակ բջիջներ չեն հայտնաբերվել․ Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր մինչ դատական նիստը պատմել է, թե ինչ վիրահատության է ենթարկվել հայրը։
«Կար փոքրիկ ուռուցք, որը պետք է հեռացվեր։ Կարևորն այն էր, որ չարորակ բջիջներ չեն հայտնաբերվել ուռուցքի մեջ»,-ասել է Լևոն Քոչարյանը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվելու ու հետվիրահատական վիճակով պայմանավորված չի մասնակցել նախորդ մի քանի նիստերին, իսկ այսօրվա նիստին ներկա է: Այս կապակցությամբ Լևոն Քոչարյանն ասաց. «Չեմ կարծում`այսօր խնդիր լինի։ Վիրահատական խնդիրները լուծված են, ամեն օր ավելի լավանում է, տեղաշարժման խնդիր չունի»։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ ամիս առաջտեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն և վիրահատվել։