ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը կպարզեցվի
Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալ այն օտարերկրացիներին, որոնց չափահաս զավակներն արդեն ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն: Այս մասին տեղեկացնում է «Российская газета» պարբերականը:
Օրինագծում նշվում է, որ քաղաքացիության համար դիմած անձանց երեխաները պետք է լինեն չափահաս և աշխատունակ:
Պետդուման առաջին ընթերցմամբ քվեարկել է տվյալ օրինագծի օգտին:
Նիստի ժամանակ ՌԴ ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը տեղեկացրել է, որ ներկա դրությամբ օրենքը գործում է միայն չափահաս անձանց ոչ աշխատունակ ծնողների համար:
Զուբովը նշել է նաև, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո (դա տեղի կունենա օրենքի հրապարակումից 90 օր անց) հնարավորություն կտա միավորել ընտանիքները, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա ՌԴ աշխատաշուկայի վրա: Այս օրենքը, փոխնախարարի գնահատմամբ, հնարավորություն կտա ՌԴ-ին տարեկան 50 000-ով ավելի քաղաքացի ունենալ և, ինչպես փորձն է ցույց տալիս, նրանք փորձառու և որակավորված կադրեր կլինեն: