շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քուչակ գյուղում բախվել են Mercedes-ը, Toyota Ipsun-ն ու Lada Priora-ն. կան վիրավորներ

Քուչակ գյուղում բախվել են Mercedes-ը, Toyota Ipsun-ն ու Lada Priora-ն. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում՝ հուշարձանի հարևանությամբ, բախվել են  Mercedes, Toyota Ipsun և Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Ապարանի հիվանդանոցի բժիշկները։ Երկուսին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենայով, մեկին՝ քաղաքացիական։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, ապա օգնել են մեքենաները քարշակով վթարի վայրից հեռացնել։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի ավագ տեսուչ Թադևոս Սուքիասյանն ու տեսուչ Լիդվին Գևորգյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Բ. Սարգսյանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը, որոնցից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ 

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները տեղեկություն են ստացել, որ ZIL մակնիշի ավտոմեքենա էլ է եղել վթարի մասնակից, ով այնուհետև վթարի վայրից հեռացել է։ Այդ տեղեկատվությունը ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը պարզում է, և եթե դա համապատասխանի իրականությանը, ձեռնարկվելու են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: