շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Քննիչներին ո՞վ և ինչպիսի՞ հանձնարարականներ է տվել անմեղ մարդկանց «գլխին սարքելու» համար»․ Արսեն Թորոսյան

«Քննիչներին ո՞վ և ինչպիսի՞ հանձնարարականներ է տվել անմեղ մարդկանց «գլխին սարքելու» համար»․ Արսեն Թորոսյան

Արդարացման հիմքով վերացվել է  ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը․ այս մասին հայտնել է Եղիազարյանը։ Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում էր Քովիդի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով, որի շրջանակներում կալանավորվել էր, ապա տնային կալանքի ենթարկվել։

Արձագանքելով կատարվածին, ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Լուսինեն այն բժիշկներից է, որ հարյուրավոր անքուն գիշերներ է անցկացրել կովիդի համավարակի ժամանակ հազարավոր պացիենտների կյանք փրկելու համար, իսկ մի որոշ ժամանակ էլ գլխավորել է պացիենտերի դուրս գրման հարցերով բժշկական կենտրոններին աջակցող բժշկական խումբը:

Լուսինեին, և ևս մեկ անձի, մոտ մեկ տարի առաջ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրգործի շրջանակներում հանիրավի մեղադրանք էին առաջադրել մի բանի համար, որը նրանք չէին արել, ամիսներով պահել էին կալանքի և տնային կալանքի տակ, կալանք էին դրել բանկային հաշիվների վրա և այլն:

Սրա մասին ես բազմիցս խոսել եմ վերջին մեկ տարվա ընթացքում և փաստորեն ահա Լուսինե Եղիազարյանի նկատմամբ քրեական վարույթը կարճվում է արդարացման հիմքով (անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը): Նաև նշել էի, որ հանցագործության կատարման վերաբերյալ բավարար ապացույց չունենանով, ՀԿԿ-ն հատուկ այնպիսի խափանման միջոցներ է ընտրում կամ միջնորդում դատարաններին, որպեսզի կարողանա խոստովանական կամ այլ տեսակի ցուցմունքներ կորզել անհիմն մեղադրված անձանցից:

Անմեղ մարդկանց հանդեպ անհիմն մեղադրանք առաջադրող քննիչները և այդ կառույցների ղեկավարները, ինչպես նաև հսկող դատախազները ոչ միայն պետք է ազատվեն իրենց պաշտոններից, այլև այս դեպքերի վերաբերյալ պետք է հարուցվեն քրեական գործեր արդարադատությանը խոչընդոտելու հիմքով, որի շրջանակներում պետք է քննվի, թե օրինակ քննիչներին ո՞վ և ինչպի՞սի հանձնարարականներ է տվել անմեղ մարդկանց «գլխին սարքելու» համար: Հուսով եմ այդ քննիչները այս անգամ արդեն այլ նախաքննական մարմնում և այլ ղեկավարների օրոք կպատմեն, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել: Եվ այդպես, բոլոր նմանատիպ գործերով:

Հ.Գ. գրառումս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին»:

  • Կիսվել: